«Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր
TVՀունվարի 18-ին լրացավ արցախյան պատերազմում զոհված կապիտան, պաշտպանական գումարտակի երկրորդ շտաբի պետ, Սերոբ Մելքոնյանի 28-ամյակը։ Հարազատները Եռաբլուրում էին հավաքվել՝ շնորհավորելու Սերոբի ծնունդը։
Ծառայակից ընկերն ասում է, որ Սերոբին անվանում էին «մեր օրերի Ավո»։ Միասին երկու անգամ դիվերսիոն գործողություն են իրականացրել, երկուսն էլ՝ հաջող։
Սերոբի մայրը՝ Վարդիթեր Մելքոնյանն ասում է, որ որդին անընդհատ ձգտել է ծառայության․ «Ինքը սիրում էր, որ անընդհատ ստեղծագործի, որ դիրքերն ավելի ամուր լինի ու անում էր դա։ 2-3-րդ դասարաններում ամեն օր մի ֆիդայինի մասին կարդում էր, դնում բարձի տակ, քնում»,- պատմում է մայրը։
Սերոբ Մելքոնյանը երկու երեխաների հայր է։ Կինը՝ Սրբուհին ասում է, որ նա շատ լավ հայր է եղել իր երեխաների համար․ «Ցանկացած բան, ինչ երեխաներն ուզում էին, ինքն աշխատում էր, որ աներ»,-ասում է կինը։
Կնոջ խոսքով՝ Սերոբը շատ խստապահանջ սպա է եղել, անգամ տանն ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով լիներ։
«Մարտունին լավ էր պահում, անընդհատ հերոսություններ է արել ու դրանց շնորհիվ գումարտակի հրամանատար են տվել։ Զանգեց ասաց՝ ցավդ տանեմ, ամուսինդ կամբատ ա արդեն, ասացի՝ չեմ էլ ուրախանում, որ տվել են, վախենում եմ, այդքան աչքի մի ընկի խնդրում եմ, ինքն էլ ասաց՝ մի վախեցի, ես ձեզ կյանքում մենակ չեմ թողնի»,- պատմում է կինը՝ Սրբուհին։
Սերոբ Մեքոնյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 18-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։