Պետք է ամեն ինչ անել, որ երեխան վստահի իր ծնողին. Իրինա Ծատուրյան
ИнтервьюՀոգեբան Իրինա Ծատուրյանը խորհուրդ չի տալիս մանկուց երեխաներին վարժեցնել պլանշետներին, համակարգիչներին, քանի որ հետագայում դա կարող է խնդրի առջև կանգնեցնել ոչ միայն երեխաներին, այլև ծնողներին:
«Ծնողները պետք է հետևեն, որ երեխաները չվարժվեն հեռախոսներին, պլաշետներին և նմանատիպ սարքերին, քանի որ այն դառնում է երեխայի ընկերը, և երեխան սկսում է կտրվել իրական աշխարհից, սկսում է շատ չշփվել ծնողների հետ: Դժբախտաբար վերջին տարիներին երեխաների շրջանում սկսել է աճել այն միտումը, թե ինքը հետաքրքրի չէ իր ծնողի համար: Ծնողը չպետք է սահմանափակվի նրանով, որ գումար է աշխատել, ապահովել է իր երեխայի բոլոր կարիքները, այլ պետք է ձգտի դառնալ նրա մեծ ընկերը: Եվ այստեղ ո՛չ տարիքը, ո՛չ էլ սեռը կապ չունի: Պետք է ամեն ինչ անել, որ երեխան վստահի իր ծնողին»,- Orer.am- ի հետ զրույցում ասաց Ի. Ծատուրյանը:
Ըստ հոգեբանի, երբ երեխան սկսում է չվստահել իր ծնողին, երեխան սկսում է այլ վայրերում վստահելի մարդկանց փնտրել: Եվ իմանալով, որ այս կամ այն քայլի պատճառով ծնողը կարող է ջղայնանալ, սկսում են ընկնել վատ ազդեցության տակ:
«Նման փնտրտուքները կարող են բերել նրան, որ երեխան համացանցում ինչ-որ բան փնտրի ու սխալվի: Եվ, նշեմ, որ առաջին դեպքը չէ աշխարհի, Ռուսատանի կամ Հայստանի կտրվածքով, որ ինքնասպանության դեպք է տեղի ունենում: Ուստի ծնողները պետք է հասկանան, թե որտեղ են իրենք թերանում, և ինչը այնպես չեն անում, որպեսզի երեխաները նման իրավիճակների մեջ չհայտնվեն: Պետք չէ երեխայի մասին մտածել, որ նա արդեն մեծացել է, հասուն տղա է կամ՝ աղջիկ և ամեն ինչ հասկանում է: Դա ամենևին էլ այդպես չէ: Պետք է ընկերություն անել երեխայի հետ, միևնույն ժամանակ չթուլացնել վերահսկողությունը երեխաների նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ փորձությունները, հատկապես համակարգչային ծուղակները գնալով շատանում են: Ծնողները պետք է հիշեն, որ դեռահասության շրջանում երեխաների խնդիրներից խուսափել հնարավոր չէ: Պարզապես հարկավոր է շատ ուշադիր լինել և ժամանակին կանխել բոլոր վտանգները»,- ասաց Ի. Ծատուրյանը:
Հոգեբանը վստահեցրեց, որ համակարգչային խաղերը կարող են ոչ միայն լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա, այլև ազդել նրանց առողջության վրա:
«Տեսողական, նյարդային, անշարժ նստելու պատճառով առաջանում է հիպոդինամիա, որը ագրեսիվություն է առաջացնում դեռահասների շրջանում: Բացի այդ, զարգանում է խաղամոլության հակումները, որը ևս բավական մեծացնում է ագրեսիան: Այս ամենի արդյունքում երեխան ունենում է նաև շփման խնդիրներ, ինչը ևս ազդում է հետագա գործունեության վրա»,- ասաց Ի. Ծատուրյանը:
Արմինե Գրիգորյան