«Ես մի մարդ եմ տեսնում, դա Ռոբերտ Քոչարյանն է․ այդ մարդուն մենք պետք է շատ խնդրենք, որովհետև ես իր տեղը լինեի՝ չէի գա». Գեորգի Պողոսյան
TV«Աուգուստո Պինոչետը, որը բռնակալ էր, մի խելոք միտք է արտահայտել. «Երբ վատ է, կանչում են Աստծուն և զինվորին, իսկ երբ հետո լավանում է, Աստծուն՝ մոռանում, իսկ զինվորին դատում են»: Մեզ հիմա զինվոր է պետք: Նայեք Հայաստանի վիճակը: Ես բժիշկ եմ, եթե ինձ մոտ նման հիվանդ բերեին, կփորձեի որոշել՝ ինչ խնդիրներ ունի այդ հիվանդը, որ կարողանամ ընտրել այն դեղը, որը կօգնի հիվանդին»,- այսօր ասուլիսում ասաց գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանն ու թվարկեց երկրի խնդիրները՝ արտաքին աշխարհի հետ նորմալ կապեր հաստատել, բանակը վերականգնել:
«Եվ ես մտածում եմ՝ ինչ դեղ կարող է օգնել, ինչ մարդ կարող է դա անել: Պետք է ընտրենք՝ որ մեկը կարող է դա անել: Ու ես մի մարդ եմ տեսնում, դա Ռոբերտ Քոչարյանն է: Համարում եմ, որ այդ մարդուն մենք պետք է շատ խնդրենք, որովհետև ես իր տեղը լինեի՝ չէի գա: Ինքը լավ ապրում է, փող ունի, Պուտինի ընկերն է: Նայում եմ՝ մենք չունենք այդ մասշտաբի պետական գործիչ: Վազգեն Մանուկյանը խելացի, հեռատես մարդ է, բայց չունի խարիզման, ինչ ունի Ռ.Քոչարյանը: Հետո, նայում եմ՝ Փաշինյանը գնում է ԱՄՆ, իրեն այնտեղ դիմավորում է 3-րդ քարտուղարի 4-րդ օգնականը: Ճիշտն ասած, Քոչարյանի ձեռքով ես կորցրեցի բաժանմունքս: Անցան տարիներ, կարևորը՝ ունեն Հայ-ամերիկյան կենտրոն, որտեղ կրծքագեղձի քաղցկեղով են զբաղված: Տոկոսը իջել է, մեր կանայք չեն մահանում դրանից: Իմ բաժանմունքը կա հիմա, ու ես հասկացա, որ չէի կարողանա ձգել: Ուրեմն՝ այդ մարդը ճիշտ էր որոշել: Ստերը, որ 10 տարվա ընթացքում լցվում էր այդ մարդու վրա, 90 տոկոսը սուտ է: Ճիշտն ասած, ես թքած ունեմ, ինչ են գողացել, ինչը՝ ոչ: Ինձ համար թող ինչ ուզում է՝ գողանան, բայց մեր երեխեքը չմահանան: Պետք է գա ուժեղ ղեկավար»,- նշեց նա:
Գեորգի Պողոսյանը հայտնեց, որ ձևավորվում է «Միտք» շարժումը:
«Ուզում ենք ստեղծել այն միջավայրը և մշակենք այն ծրագրերը, որոնք ապագայում կարող են օգնել Հայաստանի ղեկավարներին: Հիմա մեզ մոտ Առողջապահության նախարարը իրավաբան է: Գիտեք, ես շատ երկար եմ աշխատում, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ առողջապահական հարցերով զբաղվի իրավաբանը: Իսկ բժշկին նշանակում են մարզպետ»,- հավելեց բժիշկը: