Հայաստանի քաղաքացին շատ է ուզում, որ քաղաքական դաշտում փոփոխություններ լինեն. Վարդան Հարությունյան
ИнтервьюԻրավապաշտպան Վարդան Հարությունյանը համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցը չի քննարկել այն քաղաքական ուժերի հետ, որոնք նման պահանջ են ձևակերպում: Այդ է պատճառը, որ իր մոտ տպավորություն է ձևավորվել թե նման պահանջ հասարակության շրջանում չկա:
«Փաշինյանը ցանկանում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինքը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների, բայց այլ ցանկացողներ չկան: Դա է պատճառը, որ հանդիպումների շարք կազմակերպեց այնպիսի ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք նման պահանջ չէին դնում: Այսինքն՝ կարելի է ձևակերպել, որ իշխանությունները և ընդդիմության ցուցանակի տակ հանդես եկող ուժերը համատեղ տապալեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը: Սակայն, դա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ չեն լինի Հայաստանում, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»,- Orer.am-ին ասաց իրավապաշտպանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորների պնդումները, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ևս նման պահանջ չեն դնում, քանի որ արտախորհրդարանական ընտրությունների ընդհանուր պահանջ այդպես էլ չի ձևավորվում, Վ. Հարությունյանը նշեց, որ ընդդիմադիրները քաղաքական պայքարը պետք է փողոցից տեղափոխեին խորհրդարան, ինչը այդպես էլ չեղավ:
«Մարդիկ այդպես էլ հրապարակ դուրս չեկան ոչ թե այն պատճառով, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, այլ այն պատճառով, որ չեն սատարում փողոցում պայքար սկսած քաղաքական ուժերին և անհատներին: Այդտեղ կան այնպիսի ուժեր, որոնք տարիներ շարունակ մերժվել են նույն այս հասարակության ստվար մասի կողմից: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ հենց այդ ուժերի դեմ է պայքարել և, բնական է, որ նրանց հետ նույն հարթակում հայտնվելու ցանկություն պետք է չունենար: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, ապա նրանք ևս գիտեն, որ անկախ նրանից արտահերթ ընտրություններ կլինեն, թե՝ հերթական, միևնույն է, նրանք ևս գալիք ընտրություններին վերընտրվելու շանսեր չունեն: Իսկ թե ընդդիմությունն այս ամենից հետո ինչ քայլեր կձեռնարկի, դժվար է ասել, բայց իրավիճակը առայժմ շարունակում է նույնը մնալ: Այդուահնդերձ, պետք է ֆիքսել, որ Հայաստանի քաղաքացին շատ է ուզում, որ քաղաքական դաշտում փոփոխություններ լինեն, իսկ դրանք երբ տեղի կունենան, այս պահին դժվար է ասել»,- ասաց իրավապաշտպանը:
Արմինե Գրիգորյան