Կարող են ռուս-թուրքական նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել. Բենիամին Պողոսյան
ИнтервьюՔաղաքական գիտությունների ասոցիացիայի նախագահ Բենիամին Պողոսյանը համոզված է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Արցախի հարցի շուրջ ստատուս-քվոի հարցը լուծված է: Ուստի Ռուսաստանի համար կարևոր է իրավիճակը վերահսկել, որպեսզի լարվածություն տեղի չունենա տարածաշրջանում:
«Լարվածությունը չի բխում այս տարածքում ներդրումներ իրականացնելու և զարգացման հեռանկար ապահովելու տեսանկյունից, ուստի հարկավոր է ամեն ինչ անել հետագա էսկալացիաներից խուսափելու համար: Կան տարբեր մեխանիզմներ դրանց լուծումների համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններին, ապա պետք չէ մոռանալ, որ առանց այն էլ երկու երկրների միջև այլ խնդիրներ կան: Ուստի, դժվար թե դրանք ավելի սրվեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց այն էլ ԱՄՆ-ի նոր վարչակարգը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս խնդիրներ ունի: Ուստի, դժվար է ակնկալել, որ ԱՄՆ-ը առանձնապես շահագրգռված կլինի Արցախի հարցի շուրջ ինչ-որ բեկումնային քայլեր իրականացնելու համար»,- ասաց Բ. Պողոսյանը:
Խոսելով ռուս-թուրքական Կարսի պայմանագրի 100-ամյակի մասին՝ քաղաքագետը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ 2020 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմը առանց ռուս-թուրքական համաձայնության դժվար թե տեղի ունենար: Այլ հարց է, որ այդ պատերազմում իրենց մեղքի բաժինն ունեն նաև Հայաստանի իշխանությունները, բայց առանց երկու պետությունների համաձայնության Ադրբեջանը նման քայլի չէր կարողանա գնալ:
«Այս համատեքստում, կարծում եմ, որ կարող են ռուս-թուրքական նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել, որին փաստացի Հայաստանը չի մասնակցի: Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչպիսի որոշում կկայացվի»,- ասաց Բ. Պողոսյանը:
Արմինե Գրիգորյան