Եթե հունիսին պարզվի, որ ամեն ինչ կարգին է, ապա կշարունակենք աշխատել. Վիկտոր Ենգիբարյան
ИнтервьюԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ևս կարծում է, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա: Ըստ նրա՝ նման պահանջ չկա ելնելով այն մոտեցումից, որ հասարակության կարծիքը ներկայացնող կուսակցությունները նման պահանջ չեն գեներացնում և փաստացի նման հարց չեն փորձում բարձրացնել: Սա է պատճառը, որ խմբակցությունը հանգել է նման եզրակացության:
«Քաղաքական գործընթանցները ցույց են տալիս, որ շատերն առանձնապես խանդավառված չեն արտահերթ ընտրություններով: Մյուս կողմից՝ բոլորիս աչքի առջև տեղի ունեցան քաղաքական պրոցեսներ, որոնք ևս հստակ նման պահանջ չձևակերպեցին: Կա ընտրողների մի խումբ, որոնց կարծիքով այս Ազգային ժողովը պետք է մնա և ընտրի այլ վարչապետ: Դա մեր կարծիքով անտրամաբանական է, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն եղել է Նիկոլ Փաշինյանը: Ուստի, այլ թեկնածու չի կարող մեր թեկնածուն դառնալ: Մենք շարունակում ենք ասել, որ եթե իսկապես երկրում արտահերթ ընտրությունների պահանջ կա, ապա մենք դրան պատրաստ ենք, բայց հանրության կողմից չստացանք այդ առաջարկի հավանությունը: Հակառակը՝ մեր ընտրողները մեզ ասում են, որ իրենք մեզ մանդատ են տվել, որպեսզի ձեր առաքելությունն իրականացնեք»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Այդ ամենով հանդերձ նա համաձայն է, որ հանրությունը դժգոհ է ներկա իրավիճակից, բայց իրավիճակն այնպիսին չէ, որ արտահերթի պահանջ գեներացվի:
«Վարչապետը հրապարակել է ճանապարհային քարտեզ, որի արդյունքները կհրապարակվեն հունիս ամսին: Այդ ժամանակ մենք կառաջարկենք նոր ճանապարհային քարտեզ, որն, ի վերջո, պետք է երկիրը տանի տնտեսության և անվտանգային հարցերի զարգացմանը: Ինչ վերաբերում է մեր խմբակցությանը, ապա այնպես չէ, որ մեզ մոտ բուռն քննարկումներ տեղի չեն ունենում: Ուստի, եթե հունիսին պարզվի, որ ամեն ինչ կարգին է, ապա կշարունակենք աշխատել: Այնպես որ, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ պատրաստվել 23 թվականի խորհրդարանական ընտրություններին: Առավել ևս, որ վերջին շրջանում բազմաթիվ կուսակցություններ են ձևավորվել և այս ժամանակը նրանց էլ կօգնի ստեղծել մարզային կառույցներ, ամրանալ մարզերում: Ավելին, առաջիկայում տեղի են ունենալու մի քանի ՏԻՄ ընտրություններ Գյումրիում, Վանաձորում, այլ քաղաքներում, և քաղաքական ուժերը կարող են այդ ընտրություններին մասնակցել, որից հետո արդեն կփորձեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է պայքարին, ապա պետք է նաև հասկանալ, թե ինչի դեմ են պայքարում: Եթե քաղաքացիները ասելիք ունեն, ապա կարող են իրենց քվեի միջոցով իրենց տեսակետը հայտնել ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Սա է սահմանադրական ճանապարհը և այլ ճանապարհ չի կարող լինել»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:
Հասմիկ Բադալյան