Մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն հայկական ապրանքներով. Վահան Քերոբյանը՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո շուկայի վերադասավորման մասին (տեսանյութ)
ЭкономикаԷկոնոմիկայի նախարարությունն օնլայն ռեժիմով աշխատում է բազմաթիվ տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են և ունեն խնդիրներ ապրանքներ պատվիրելու կամ պատվիրված ապրանքները ստանալու առումով։ Մենք աշխատանքային կարգով բոլոր այդ խնդիրները լուծում ենք։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքույմ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ թուրքական ապրանքի ներկրման արգելքին վերաբերող հարցին։
Պատգամավորը հիշեցրերց՝ 2020-ի դեկտեմբերի 31-ին արգելք է դրվել թուրքական ապրանքների ներմուծման վրա։ «Դրանից հետո առաջին խնդիրը հետևյալն էր՝ որ շուկաներն են փոխարինելու թուրքական շուկային, որ տնտեսվարողները կարողանան վերադասավորվել, երկրորդ՝ որ ապրանքները կարող են արտադրվել Հայաստանում, որ դրանց ուղղությամբ աշխատանքներ կատարվեն»,-ասաց Սամսոնյանը։
Նա նշեց՝ կառավարությունը հայտարարել էր, որ թուրքական ապրանք ներմուծողներին կօգնի նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից։
Ինչ վերաբերում է ապրանքային շուկաների փոխարինմանը, նախարարն ասաց․ «Այստեղ մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով, և մենք բազմաթիվ՝ թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական գործիքներով փորձում ենք օգտակար լինել այն տնտեսվարողներին, որոնք այդ խնդիրներն ունեն։ Նաև ուշադրություն ենք դարձնում պարսկական, չինական և ԵԱՏՄ շուկաներին»,-ասաց նա։
Սամսոնյանը նաև հայտարարեց՝ տնտեսվարողներից բազմաթիվ մտահոգություններ է լսել, որ նախարարությունից աջակցություն չեն ստանում, և նշեց՝ ուզում է լսել հենց Քերոբյանի գնահատականը իրենց աշխատանքի վերաբերյալ՝ շուկայում վերադասավորվելու առումով, որին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց․ «Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են տնտեսվարողները գոհունակությամբ արձագանքում այն որոշմանը, որը Կառավարությունը կայացրել է։ Քանի որ այդ որոշումը կայացվել է, մեր խնդիրը՝ որպես Էկոնոմիկայի նախարարություն, առավելագույնը քամելն է այդ որոշումից։ Մենք հրատապ կարգով փորձում ենք այնպես անել, որ բոլոր ապրանքները սկսեն փոխարինվել հայկական ծագման ապրանքներով»։
Ինչ վերաբերում է հարցին, թե տեղեկություններ կան, որ Վրաստանում թուրքական ապրանքը վերագրանցվում է, այնտեղից բերվում Հայաստան, նախարարն ասաց, թե ինքը չունի այդպիսի տեղեկություն, դա կարելի է որակել մաքսանենգություն, ինչով զբաղվում է ՊԵԿ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։