Բոլորն էլ կողմ են նոր արտահերթ ընտրություններին. Ազատ Արշակյան
ИнтервьюԳերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների թեման դեռ կշարունակվի: Ավելին՝ դեռ կբորբոքվի, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության ենթատեքստը հուշում է, որ առնվազն իրենց է այդպես հարմար:
«Ասում են հասարակության մոտ նման պահանջ չկա, բայց հասարակություն ասելով ո՞ւմ նկատի ունեն: Գուցե Ազգային ժողովի կուսակցությունները նման հարց չեն բարձրացնում, բայց այդ պատերից դուրս ևս կուսակցություններ կան, և հարց է ծագում, թե արդյո՞ք նրանք մյուս կուսակցություններին ուղղել են այդ հարցը: Պետք է ընդգծել, որ բոլորն էլ կողմ են նոր արտահերթ ընտրություններին, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է աջակցի այդ ընտրություններին»,- ասաց Ա. Արշակյանը:
Ի վերջո, ինչպե՞ս պետք է չափվի, թե իրականում հասարակության մեջ նման պահանջ կա թե՞ ոչ հարցին՝ նախկին պատգամավորը նշեց, որ չափման միավորը կուսակցություններն են, որոնք արտահերթ ընտրությունների հարց են բարձրացնում:
«Բացի այդ, աղետալի հետևանքներով պատերազմը պարտադրում է վստահության քննություն անցկացնել, որը կա՛մ հանրաքվեն է, կա՛մ արտահերթ ընտրությունները: Դրանից հետո մենք կկարողանանք շարունակել բնականոն կյանքով ապրել: Ուստի, առնվազն իշխող ուժը պետք է շահագրգռված լիներ անցկացնելու արտահերթ ընտրություններ, առավել ևս, երբ ներկայիս Ազգային ժողովը դե ֆակտո միաբևեռ է, քանի որ բոլորն էլ դեպի բռնապետական երկրներ են ձգտում: Մենք հեղափոխություն արեցինք, որ ազատվենք բռնապետությունից, բայց պարզվեց, որ նորից գնում ենք այդ ճանապարհով: Ավելին՝ է՛լ ավելի ենք խորացնում աշխարհից մեկուսանալու և բռնապետական դառնալու հեռանկարը»,- ասաց Ա.Արշակյանը:
Արմինե Գրիգորյան