Երևանի կենդանաբանական այգու անակնկալները շարունակական կլինեն
АналитикаԵրևանի կենդանաբանական այգու տնօրինությունը ջանքեր է գործադրում այգին ավելի գրավիչ դարձնելու համար, որը, ամենայն հավանականությամբ բեկումնային կլինի այգու ողջ պատմության ընթացքում:
Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի ցանկանում շատ փակագծեր բացել, բայց թե՛ երևանցիների, թե՛ զբոսաշրջիկների համար անակնկալների պակաս չի զգացվի:
«Դեռևս չեմ ցանկանա շատ փակագծեր բացել մեր ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Երևանցիների և մեր մյուս հյուրերի համար նոր նախաձեռնություն ունենք, քայլեր ենք անելու, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա: Միայն մեկ գաղտնիք կարող եմ բացել՝ այժմ աշխատանքներ ենք տանում նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ»,- նշել է Ղահրամանյանը:
Ի դեպ, Երևանի կենդանաբանական այգում փետրվարի 12-ին պաշտոնապես բացվեց նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար:
Ցուցասրահում առանձնացված անկյունում լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները հնարավորություն կունենան տեղեկանալ Կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից մինչ օրս այգում բնակություն հաստատած բոլոր փղերի մասին:
Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը ներկաներին վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են այգում մարդկանց հաճելի ու հարմարավետ ժամանցը ապահովելու համար:
Ի դեպ, ցուցասրահի ապակե տարածքից այցելուներին է ողջունում Բունկա փիղը, որը առանձնակի ոգևորություն է հաղորդում փոքրիկներին: Հիշեցնենք նար, որ Բունկա փիղը թեև ծնվել է 2007 թվականին, բայց Երևանի կենդանաբանական այգում է բնակվում 2014 թվականից: Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով նա չարաճճի ու խելացի փիղ է, հատուկ խնամք է պահանջում բոլորից և զայրանում է, երբ սնունդն ուշացնում են:
Այնպես որ, այսուհետ Կենդանաբանական այգու այցելուները կկարողանան ավելի մոտիկից ծանոթանալ թե՛ կենդանիների առօրյային, թե՛ պատմությանը: