Կախված ժամկետներից, ընտրության արդյունքները կարող են տարբեր լինել. Արամ Նավասարդյան
АналитикаՍոցիոլոգ Արամ Նավասարդյանի կարծիքով ընդդիմության ձախողումը պայմանավորված է ոչ թե հասարակության պահանջի բացակայությամբ, այլ ընդդիմադիր ուժի քայլերով, իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա կանխատեսումները, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն խորհրդարանի ներկայիս երկու ուժերը կարող է չվերընտրվեն, չի համապատասխանում իրականությանը:
«Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն առաջիկա ամիսներին, ապա ներկայիս խորհրդարանի ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կրկին կկարողանան հաղթահարել շեմերը և կհայտնվեն խորհրդարանում: Թե որ կուսակցությունն ինչ ծավալի ձայներ կստանա, դժվար է այս պահին կանխատեսել, բայց որ նրանք ներկայացված կլինեն, միանշանակ է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա.Նավասարդյանը:
Նրա դիտարկմամբ, եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան մոտ ժամանակներս, ապա մեծ է հավանականությունը, որ այն կրկին կլինի էյֆորիայի ազդեցության տակ և մոտավորապես կլինի 2018 թվականի պատկերը:
«Ընտրություններին պատրաստվելու համար պետք է ծրագրեր մշակվեն, որը ներկայում չկա: Եվ եթե մոտ ժամանակներս ընտրություններ լինեն, ապա հանրությունը կրկին կանգնելու է լոզունգներ ընտրելու երկընտրանքի առջև: Ինչ վերաբերում է ընդդիմության համար պայքարին, ապա բոլորն են պայքարում կոնսոլիդացնող ուժ լինելու համար, բայց ներկա իրավիճակում առանց սոցիոլոգիկան հստակ հարցումներ իրականացնելու, դժվար է ասել, թե որ ուժերի շանսերն ինչքան են: Դա կախված է նաև այն ժամկետից, թե երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները, այնպես որ այս պահին դեռևս ոչինչ պարզ չէ»,- ասաց Ա.Նավասարդյանը: