Ամուլսարի պահապանները կդիմեն պատասխան քայլերի
ИнтервьюԱնցյալ շաբաթ՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ Ամուլսարի հետ կապված հարցի մասին կառավարության որոշումը շատ հստակ է: Պետք է ստեղծվի հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ:
«Անհրաժեշտ է վերանայել առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և անհրաժեշտ որոշումներ ընդունել: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ապա դրանք Ամուլսարի դեպքում էլ կենթադրեն դրա շահագործման հնարավորություն», -ասել էր նախարարը:
Ս. Պապիկյանի այս պատասխանը կրկին թեժացրել է իրավիճակը Ամուլսարի հարցի շուրջ: Եվ զարմանալին այն է, որ բնապահպանների հարյուրավոր փաստարկները թե՛ սարի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպության, թե՛ շահագործման հետևանքով տարածքի էկոլոգիական հետագա խնդիրների մասին, այդպես էլ մնում են անպատասխան:
Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Orer.am -ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին նշեց, որ թեև տեղյակ չէ Պապիկյանի ելույթից, սակայն իրենց դիրքորոշումը նույնն է։
«Այս պահին դեռ որևէ գործընթաց չկա, բայց երբ գործընթացներ սկսեն, ժողովրդի արձագանքն անպայման կլինի։ Այս պահին ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Շ. Բունիաթյանը։
Նա նաև նշեց, որ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների գերակշիռ մասը հստակ դեմ է սարի շահագործմանը: Բացի այդ, հասարակության շրջանում ևս շատերն են Ամուլսարի շահագործման ծրագրին դեմ։ Ինչ վերաբերում է այդ հարցի միակ պատասխանատուին՝ օրվա կառավարությանը, ապա սարի պահապանների խմբի անդամի կարծիքով՝ Ամուլսարի ճակատագրի որոշողը ժողովուրդն է, որը ինչպես վաղուց պարզ է դարձել իր որոշումը վաղուց է կայացրել և չի կարող այլ որոշման հետ համակերպվել:
Արմինե Գրիգորյան