Ավիատոմսերի գների տարբերությունը տոմսի դասով է պայմանավորված եղել
АналитикаԵրևան -Մոսկվա ավիատոմսերի գները վերջին շրջանում կտրուկ աճեցին ինչը արթնացրեց հասարակության դժգոհությունը: Եղել են դեպքեր, երբ ավիատոմսի արժեքը կազմել է 400 հազար դրամ, ինչը հարցականներ էր առաջացրել սպառողների շրջանում:
Հարցը պարզաբանելու համար Orer.am-ը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, պարզելու համար, թե ինչ է եղել ավիատոմսերի բարձրացման պատճառը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյուքնում պարզ է դարձել, որ Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումը պայմանավորված է եղել օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծմամբ, ինչը համարվել է լրացուցիչ ծառայություն: Մյուս պատճառն այն է եղել, որ տոմսերի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերն ավելի շուտ են սպառվել, որի պատճառով վաճառքի են հանվել ավելի թանկ արժեք ունեցող տոմսերը։
Մասնավորապես՝ մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են էկոնոմ դասի ավիատոմսերը, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր: Այդ է պատճառը, որ Երևանից Մոսկվա մեկնելու համար սպառողների մի մասի տոմսը շատ ավելի թանկ է եղել:
Ստացվում է, որ ավիատոմս ձեռք բերողներին ընկերությունները պատշաճ չեն իրազեկել այդ մանրամասների մասին: Եվ ստացվել է այնպես, որ մի մասը գնել է բիզնես դասի տոմս, առանց այդ մասին պատշաճ իրազեկվելու: