Անցած տարիներին ամեն ինչ արվել է, որ Ղարաբաղի խնդիրը չլուծվի. Վիգեն Խաչատրյան
АналитикаՔաղաքագետ Վիգեն Խաչատրյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին, նշեց, որ այն ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքանով են վտանգավոր եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված քայլերը մեր երկրի ապագայի համար:
Խոսելով Սագսյանի այն մտքի մասին, թե 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը հակաղարաբաղյան էր, Վ. Խաչատրյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը իշխանությունը պահելու մասին էր, գուցե այդ առումով նա իրավացի է:
«Ղարաբաղյան խնդիրը եղել է իշխանությունը զավթելու պատրվակ և այդ առումով Սարգսյանն անկեղծ է: Սա նշանակում է նաև, որ նախկին իշխանությունները որևէ հետևություն չեն արել իրենց հանցավոր անցյալի համար: Դա է պատճառը, որ որոշ քաղաքական գործիչներ պնդում էին, որ նախկին իշխանությունների գործունեությանը պետք է քաղաքական գնահատական տրվեր և ամենայն լրջությամբ քննարկվեր, թե մենք ինչ լրջագույն խնդրից ենք հրաժարվում և ինչ ենք դրա դիմաց որդեգրում: Եվ, քանի դեռ այդ գնահատականը չի տրվել, հասարակության համար հասկանալի չի լինելու, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Խոսելով Սարգսյանի այն հայտարարության մասին, որ ինքն իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, քաղաքագետը նշեց, որ ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը որոշակի նպատակ է հետապնդում: Եվ այդ տեսանկյունից պետք է դիտարկել նախագահի հնչեցրած մտքերը:
«Սա ժողովրդին իր ընտրած ուղուց հերթական անգամ հիասթափեցնելու փորձ էր, բայց պետք է ընդգծել, որ ոչ թե հեղափոխությունն էր հակաղարաբաղյան, այլ նախորդ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: Այսինքն՝ ամեն ինչ արվել է, որ Ղարաբաղի խնդիրը չլուծվի և մի գեղեցիկ օր էլ մենք կանգնենք այս կոտրած տաշտակի առջև: Այս մասին կարելի է երկար խոսել, բայց, կարծում եմ, որ մարդիկ շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Անցյալ 23 տարիների ընթացքում բարոյալքվեց հասարակությունը, կազմալուծվեց բանակը, վերացվեցին բոլոր ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարվեցին մարդկանց իրաավունքները: Այսինքն՝ որը ասեմ: Եվ այս պայմաններում խոսել ինչ-ինչ բաների մասին, ինձ համար հասկանալի չէ այդ մոտեցումը, բայց, կարծում եմ, որ հասարակությունն ավելի իմաստուն է, քան կարծում է նախկին նախագահը»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Արմինե Գրիգորյան