Հայկական կողմը, եթե պատրաստ է եղել, ապա ինչո՞ւ առաջինը չի ստորագրել այն. Էդգար Վարդանյան
АналитикаՔաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով ժամանակն է հրապարակել բոլոր այն բանակցային փաթեթները, որոնց շուրջ 25 տարի շարունակ բանակցություններ են ընթացել, քանի որ ըստ նրա խնդիրն այն է, որ թեև տարբեր առիթներով ներկայացվել են բանակցային գործընթացի դրվագները, սակայն և՛ երկրորդ, և՛ երրորդ ՀՀ նախագահներն առնվազն մասամբ են ներկայացրել այն ամենը, ինչը փաստացի դրված է եղել բանակցային սեղանին:
«Ըստ էության փորձել են թաքցնել այն կարևոր կետերը, որոնք ըստ իրենց կարող էին հանրային լուրջ դժգոհությունների ալիք բարձրացնել: Մյուս կողմից մենք իրականում չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Եվ, եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է եղել Կազանյան փաստաթուղթը ստորագրել, ապա արդյո՞ք դա իրականում այդպես է եղել, թե՝ ոչ: Եվ եթե պատրաստ է եղել, ապա ինչո՞ւ առաջինը չի ստորագրել այն: Բացի այդ, մենք պաշտոնական քարոզչության միջոցով մշտապես տեղեկացել ենք, որ Հայաստանը որևէ տարածք չի տալու, այդ տարածքները Ղարաբաղի մաս են կազմում և պրոկառավարական լրատվամիջոցները, բլոգերները, փորձագետները այնպիսի քարտեզներ էին ներկայացնում, որ այդ հողերը Ղարաբաղի մասն են կազմում և առանց այդ տարածքների ներկայացնելը համարվում էր սխալ: Բայց, փաստորեն, երբ բանակցությունները տեղի են ունեցել գաղտնի ձևաչափով, դա թույլ է տվել, որ տարատեսակ մանիպուլյացիաներ իրականացվեն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Է. Վարդանյանը:
Եվ որպեսզի ամեն ինչ ի վերջո պարզ դառնա, քաղաքագետի կարծիքով հարկավոր է լայն քննարկում կազմակերպել, որպեսզի այս խնդիրների մասին հնարավոր լինի որոշակի հստակ տեղեկություններ իմանալ: Հակառակ դեպքում հարցը դեռ երկար ժամանակ կմնա մանիպուլյացիայի թեմա և այդպես էլ հստակություն չի լինի իրականության մասին: Այնպես որ, ըստ Է. Վարդանյանի, հարկավոր է հնարավորինս իրազեկել հասարակությանը, որպեսզի մանիպուլյացիները ոչ միայն տեղ չունենան, այլև ազդեցություն չունենան հանրության շերտերի վրա:
«Պետք է նկատել նաև, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերը բազմիցս հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներով և մեծ հաշվով այստեղ նորություն չկար: Ուստի, իմ կարծիքով այն ավելի շատ PR-ի կամ քարոզչական որոշակի նպատակներ հետապնդող քայլ էր, որը իմ կարծիքով կարճաժամկետ էֆեկտ կարող է ունենալ: Այնպես որ հանրության լայն շերտերի մոտ որևէ մութ կետ չթողնելու համար, հարկավոր է այս հարցերը մինչև վերջ պարզաբանել և հստակ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք երկար տարիներ է առկա են եղել, սակայն գաղտնի են պահվել հասարակությունից»,- ասաց Է.Վարդանյանը:
Արմինե Գրիգորյան