Ցավոք ես քննչական մարմիններին չեմ հավատում. Ժաննա Անդրեասյան
ПолитикаԻրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, որ չի կարելի բանակին որպես փակ կառույցի վերաբերվել և այնտեղ տեղի ուենցող իրադարձությունների մասին հարկավոր է բաց խոսել, որպեսզի արատավոր երևույթները վերանան:
«Երկար տարիներ բանակը փակ թեմա են պահել և ասում էին՝ բանակի մասին կամ ոչինչ, կամ միայն լավը պետք է խոսել: Եվ, երբ որևէ ինֆորմացիա էր դուրս գալիս բանակի մասին, կոշտ հակահարվածի էր արժանանում: Բայց, քանի որ ես շատ եմ զբաղվել բանակի խնդիրներով, գիտեմ, որ բանակն այնպիսի կոռումպացված համակարգ է եղել, որ պարզապես նկարագրել հնարավոր չէ: Ի դեպ հիմա էլ է նույնը, բայց ինչպե՞ս կարող է այդ համակարգը ստեղծողը քննադատաբար խոսել բանակի մասին: Բոլորին է հայտնի, որ բանակի կոռումպացված գեներալները Սերժ Սարգսյանի քարոզարշավների հենասյուններն են եղել: Եվ այս պայմաններում խոսել այնպես, որ իրենք սխալներ չեն ունեցել, ինձ համար ընդունելի չէ»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ժ. Անդրեասյանը:
Իրավապաշտպանի կարծիքով այս ծանր պատերազմի թողած ծանր հետքը փոքր-ինչ մեղմելու համար հարկավոր է բոլոր քննությունները թափանցիկ իրականացնել, որպեսզի հանրությունն ինքն էլ տեղեկանա, թե ինչ է եղել իրականում: Հակառակ դեպքում յուրաքանչյուրն իր ցանկությամբ ինչ ուզի կարող է ասել և խառնաշփոթ առաջացնել:
«Ցավոք ես ոչ քննչական մարմիններին եմ հավատում, ոչ էլ դատախազությանը, քանի որ վստահ չեմ, թե այդ գործերը ինչպես են քննվելու և ում կողմից: Ես տեղեկացված եմ, թե առհասարակ ինչ մակարդակով են տարվում քննությունները: Եվ, ցավոք այդ ամենը ներկայացվում է քաղաքական տեսանկյունից, մինչդեռ պետք էր դիտարկել բոլորովին այլ հարթությունից»,- ասաց Ժ.Անդրեասյանը:
Արմինե Գրիգորյան