Մենք պետք է այլընտրանքային ճանապարհը ցույց տանք. Վարուժան Ավետիսյան
Интервью«Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ քաղաքական դաշտում առկա ուժերը՝ նախկինները և ներկաները բոլշևիկյան կիսագաղութային համակարգի մասեր են, որոնց Կրեմլը տարբեր ձեռքերով խաղացնում է: Ուստի Հայաստանը չի կարող նրանց հետ ապագա ունենալ, առավել ևս, որ քաղաքական ուժերը զբաղված են ոչ թե ազգային օրակարգ մշակելով, այլ միմյանց հասցեին ցեխ շպրտելով:
«Արդեն Հայաստանի չորրորդ իշխանություններին փոխելու ժամանակ է և եթե այսպես շարունակվի, հինգերորդ, վեցերորդ իշխանությունները ևս նույնն են լինելու: Եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն կփոշիանանք, այլև կվերանանք: Պետք է հաշվի առնել, որ երրորդ հանրապետություն ասվածը վաղուց սպառված է: Նրա նպատակային նշանակությունը Արցախը և Հայաստանը հարմար պահին ռուս-թուրքական ճարտարապետությանը զոհաբերելն էր, որի մի մասը տեղի ունեցավ, իսկ մնացածը շարունակվում է տեղի ունենալ: Մենք մեկ հայրենիք ունենք և բոլշևիկների թոռներին այդ հայրենիքը նվիրելու ցանկություն չուենք»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Վ. Ավետիսյանը:
Հասարակական գործչի կարծիքով պետք է արագ գործել և ազգային կառավարություն հիմնել, որպեսզի կայսրությունների փլուզման ժամանակ տանուլ չտանք եղածը: Բացի այդ, հարկավոր է նաև քայլեր ձեռնարկել հզորանալու համար: Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս են համախմբելու հասարակությանը, քանի որ անգամ պատերազմի նման ավարտից հետո հասարակությունը չհամախմբվեց, Վ. Ավետիսյանն ասաց.
«44-օրյա պատերազմից հետո մեր հասարակությունը նման է վիրահատական սեղանին գտնվող անձի : Եվ այդ վիճակում ճիշտ չէ հասարակության կողմից հստակ քայլերի կամ որևէ արձագանքի սպասելը: Մենք պետք է կարողանանք բարոյահոգեբանական առումներով բուժել մեր հասարակությանը, հնարավորություն տալ ուշքի գան և կարողանան իրենց կամքը արտահայտելու: Դրա համար ժամանակ է պետք, իսկ պայքարը արագ է կազդուրելու: Խոսքը գաղափարական պայքարի մասին է և դա է պատճառը, որ մենք պետք է այլընտրանքային ճանապարհը ցույց տանք»:
Արմինե Գրիգորյան