Մեզ նոր քաղաքական դաշտ է պետք. Դավիթ Մաթևոսյան
Аналитика«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը համոզված է, որ մշակութային խնդիրների հանդեպ անտարբեր վերաբերմունքը շարունակում է չփոխվել: Ըստ նրա, դա վաղուց սկսված գործընթաց է, որի ընթացքում պետական կառավարման համակարգի ուշադրությունից տասնամյակներ դուրս են մնացել մշակույթի, գիտության, կրթության հարցերը և այս հարցի անտարբեր մենեջմենթային մոտեցումը հանգեցրել է ճգնաժամի:
«Դա առվել տեսանելի է պատերազմի և հետպատերազմյան ճգնաժամի ֆոնին, որն արտահայտվում է արվեստի վրա թքած ունենալու դրսևորմանը՝ բոլոր առումներով: Ցավոք, այս իշխանությունները չհաջողեցին հավուր պատշաճի մշակութային քաղաքականություն իրականացնել և, եթե նախկին համակարգը, թվում էր, թե արտաքին ստաբիլություն է ապահովում, ինչ-որ տեղից ֆինանսներ է գտնում և տրամադրում ոլորտին, ապա նախորդ իշխանության տապալումից հետո, նոր իշխանությունները զբաղված լինելով ֆորսմաժորային իրավիճակներ հաղթահարելով, անտեսեցին ոլորտը և ամեն ինչ մնաց նույն տեղում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Դ.Մաթևոսյանը:
Ըստ նրա՝ հասարակությունը դարձել է ըստ իրավիճակի կողմնորոշվող, որը հավանաբար դարերի ընթացքում ձևավորված գենետիկ կոդի արդյունք է: Դա է պատճառը, որ յուրաքանչյուր անհատ նախ մտածում է ստեղծված իրավիճակում սեփական խնդիրները լուծելու մասին, անտեսելով՝ համակարգայինը: Արդյունքում, ստիպված որոշում է կոմպրոմիսների գնալ, որն էլ հանգեցնում է այն ամենին՝ ինչ ունենք:
«Կոմպրոմիսային վարքագիծը նշանակում է հաշտվել այն ամենի հետ, ինչ որ այդ պահին կա: Իրականում քաղաքական դաշտը տեր չկանգնելով իրավիճակին սկսում է ինչ-ինչ քայլեր թելադրել, որից մշտապես դուրս է մնում մշակույթը: Նեկայիս քաղաքական դաշտի սնանկությունը հանգեցնում է նաև բարոյահոգեբանական ճգնաժամի և, փաստորեն, մեզ փորձում են պարտադրել մի իրողություն, որ իրենք թե՛ որպես ընդդիմություն, թե՛ որպես իշխանություն անփոխարինելի են: Իմ կարծիքով նրանք ուս-ուսի տված միմյանց պահում են, որպեսզի քաղաքացին չկարողանա կոնսոլիդացվել և ստեղծել քաղաքական միտք: Եվ դա արվում է թե՛ պարտադրանքով, թե՛ գիտակցաբար, որովհետև երկու կողմերն էլ ինքնապահպանության, ինչպես նաև դաշտը իրենց պահելու խնդիր ունեն: Սրա արդյունքում, ցավոք, երկիրն է ոչնչանալու, և իրենց սերունդների առջև իրավունք անգամ չեն ունենալու որևէ բան ասելու, անելու կամ պատասխանատվություն ստանձնելու: Այդ է պատճառը, որ մեզ նոր քաղաքական դաշտ է պետք, որոնք նախ պետք է քաղաքացի լինելու իրավունք ունենան և կարողանան ասել ճշմարտությունը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Դ.Մաթևոսյանը: