Եվրոպայի խորհուրդը քննադատել է Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալը
Международные новостиԵվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննադատել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին Թուրքիայի հայտարարությունը: Պաշտոնական Անկարայի որոշումը «աղետալի լուր է» եւ սպառնում է Թուրքիայում, ամբողջ Եվրոպայում եւ դրանից դուրս կանանց պաշտպանության գործին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, հաղորդում է DW-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը մի քանի ժամ առաջ հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական թերթում: Նման փաստաթուղթ հրապարակելու մտադրության մասին Էրդողանը հայտարարել էր դեռ 2020 թվականին: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատասխանել է, որ եթե Թուրքիան դուրս գա կոնվենցիայից, կանայք երկրում «կմնան երկրորդ կարգի քաղաքացիներ»:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ երկրում կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը «կշարունակվի մեր ավանդական արժեքների պահպանման պայմաններում»:
Էրդողանի հրամանագիրը կարող է միայն «դառնություն» առաջացնել, նշել է Ստամբուլի քաղաքապետ, ԺՀԿ ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Երկրում ամեն օր տեղեկություններ են հայտնվում կանանց նկատմամբ բռնության նոր փաստերի մասին, ասել է նա: Թուրքիայում իրավապաշտպանները կոչ են արել ցույցեր անցկացնել՝ բողոքելով համաձայնագրից երկրի դուրս գալու դեմ:
Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան 2011թ. մայիսի 11-ին հաստատվել է Ստամբուլում՝ Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ երկրների կողմից: Փաստաթուղթը դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարին: Կոնվենցիան սահմանում է բռնության կանխարգելման, պաշտպանության եւ քրեական հետապնդման նվազագույն ստանդարտները:
Կոնվենցիան վավերացրել եւ ստորագրել են 34 երկրներ, եւս 11-ը ստորագրել են, բայց չեն վավերացրել: Թուրքիան 2012-ի գարնանը առաջինն էր վավերացրել համաձայնագիրը: