«Հրապարակ»․ Սեփական թեկնածության առաջադրումն ինքնանպատակ չէ․ հարցը կործանարար գործընթացները, պետականության կորուստը կանխելն է․ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը՝ Արա Աբրահամյանի մասին
Международные новости«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես հայտնի է, օրերս հայտարարել է, որ պատրաստվում է ակտիվ մասնակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չի նշել, թե ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել:
Արդյոք նա անձա՞մբ է իր թեկնածությունը դնելու, թե որևէ քաղաքական ուժի է աջակցելու: Այս ֆոնին լուրեր են տարածվում, որ Արա Աբրահամյանը պատրաստվում է սատարել «Սարգիս-Կարոլինա» ընկերության փայատերերից մեկին՝ գործարար, նախկին պետական պաշտոնյա Երվանդ Թարվերդյանին, որը պատրաստվում է կուսակցություն հիմնել:
«Հրապարակը» փորձեց Ռուսաստանի հայերի միության գրասենյակից ճշտել, թե որքանով են համապատասխանում իրականությանն այդ լուրերը, ինչ ֆորմատ է ենթադրում Ռուսաստանում երկար տարիներ բնակվող երկքաղաքացի Արա Աբրահամյանի հայտարարած մասնակցությունը հայաստանյան ընտրություններին, և արդյոք նա պատրաստվում է աջակցել Թարվերդյանին:
Աբրահամյանի տեղակալ Լուսիկ Ղուկասյանն ասաց, որ առաջին անգամ է լսում «Թարվերդյան» ազգանունը: «Կներեք, իսկ ո՞վ է Երվանդ Թարվերդյանը: Տպավորություն ունեմ, որ այդտեղ ավելի լավ են տեղեկացված Աբրահամյանի ծրագրերին, քան ինքը՝ Աբրահամյանը»: Լուսիկ Ղուկասյանը մեզ փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահի պատասխանը, որը կրկին անորոշ էր. «Արա Աբրահամյանն ամենաակտիվ մասնակցությունը կունենա ընտրություններում: Նա կոչ է անում ամբողջ ժողովրդին, յուրաքանչյուր հայի, ողջ սփյուռքին՝ մի կողմ չքաշվել պետության և ողջ ազգի համար ճակատագրական այս պահին: Նա ոչ թե որպես ՌՀՄ նախագահ, այլ որպես Հայաստանի քաղաքացի է մասնակցելու ընտրական գործընթացին: Իսկ թե ինչ ձևաչափով՝ կհայտարարի առաջիկայում: Սեփական թեկնածության առաջադրումն ինքնանպատակ չէ: Այսօր հարցը ոչ թե թեկնածուի անձը կամ պաշտոնն է, այլ կործանարար գործընթացները, պետականության կորուստը կանխելն է: Դրան է տանում Փաշինյանի և նրա աջակիցների քաղաքականությունը»:
Ի դեպ, Արա Աբրահամյանի մասնակցության մի կարևոր խոչընդոտ կա՝ նա վերջին չորս տարվա ուղիղ կեսը պետք է Հայաստանում ապրած լինի, յուրաքանչյուր տարվա մեջ՝ վեց ամիս, և դա հեշտ է պարզել՝ մեկնումի և վերադարձի ամսաթվերով»,-գրում է թերթը: