Orer.am-ը հայտնում է, որ նոյեմբերի 26-ի գիշերը անհայտ անձիք վնասել են «Նախախորհրդարան» շարժման 7 ակտիվիստների ավտոմեքենաները, նաև հարձակվել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վրա: Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Նախախորհրդարան»-ը տարածել է դատապարտող հայտարարություն և նշել, որ տեղի ունեցածը ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:
Orer.am-ը «Նախախորհդարան» շարժման համակիր, Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: Վիգեն Ավետիսը նշում է. «Այնպես, ինչպես ծածկած շուկայի վանդալիզմից փրկողների դեմ հանեցին քաղցած տատիկ-պապիկներին և թաղի խուժանին, այս դեպքում նույնպես թաղի խուժանի ձեռքով են ուզում հակազդել մեր հայրենակիցներին, ովքեր որոշել են պահպանել իրենց ինքնությունն ու հայրենիքի պատիվը: Նույն ձեռագիրն է, նույն «մարդկանց» ճղճիմ զազրանքները: Աստծո պատիժը չի ուշանա, երբ ազնիվ հոգիներ են վիրավորում»: