Դիտմա՞մբ են անում այս ամենը, թե՞ չհասկանալով. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Եվ այսպես, պետական որևէ պաշտոնյա ներկա չէր Սուրբ Հարության տոնի սրբազան պատարագին: Նման բան, կարծես, երբևէ չի եղել. եթե ինչ-ինչ պատճառներով որևէ անգամ երկրի առաջին դեմքը չի մասնակցել (այս տարին էլ համարենք հարգելի բացակայություն), ապա այլ պաշտոնյաների մակարդակով ներկայություն անպայման ապահովվել է: Իհարկե, կարծիքները տարբեր են այս առումով. ոմանք կարծում են, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ մշտապես պայքարող իշխանությունը հիմա արդեն ակնհայտ է իր վերաբերմունքն արտահայտում, ոմանց կարծիքով՝ սա դեմարշ էր եկեղեցու դեմ, քանի որ ՀԱԵ-ն պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, շատերի կարծիքով էլ՝ այս իշխանության ներկայացուցիչները պարզապես վախենում են առանց թիկնապահների, առանց ոստիկանության մարդաշատ վայրեր դուրս գալ, թեկուզ դա լինի եկեղեցին: Հնարավոր է՝ բոլոր այս կարծիքներն էլ ճիշտ են ու համադրված: Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միայն սրբազան պատարագից բացակայելով չէ, որ «աչքի ընկան»: Երեկ մեռյալների հիշատակի օր էր, ինչպես տաղավար հինգ տոներից յուրաքանչյուրին հաջորդող բոլոր երկուշաբթիները:
Նախկինում կառավարության որոշումներով տարվա մեջ այդ հինգ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո վերացրեց այդ «ավանդույթը»:Թվում էր՝ այս տարի բացառություն կարվի, քանզի նաև իշխանությունների մեղքով միայն անցած տարի տասը հազարից ավելի զոհ ենք ունեցել պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, ու մարդիկ իրենց հարազատների շիրիմին պետք է այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Բայց այս իշխանություններն անտեսեցին այդ ամենը: Դժվար է ասել՝ դիտմա՞մբ են անում այս ամենը, թե՞ չհասկանալով: Սակայն փաստը մնում է փաստ, որ Եռաբլուրն ու մեր այլ հանգստարանները բազմապատկեցին, իսկ Հարության տոնը դարձրեցին մեռելոց...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում