Այս իշխանությունը գերիների խնդիրը լուծելու ունակություններ չունի
Интервью
Մենք իշխանության ենք բերել մի խումբ մարդկանց, ովքեր ունակություն չունեն նման իրավիճակներում կառավարել երկիրը այս մասին 24TV եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար հազար ու մի բան կարելի է անել.
«Ես վստահ եմ, որ իշխանությունները շահագրգռված են այս հարցը լուծել, այլ բան է, որ շահագրգռված են դա անել, բայց պոտենցիալ չունեն, հիմա օրինակ` մեկը բերի 300 կգ ծանրաձող դնի այստեղ, ես շահագրգռված եմ այն բարձրացնել, բայց չեմ կարող դա անել իմ ֆիզիկական ունակություններով: Հիմա այս իշխանությունը ունակություններ չունի նման խնդիր լուծելու, մենք որպես ժողովուրդ ինչո՞ւ չենք ուզում այս փաստը արձանագրել, որ մենք իշխանության ենք բերել մի խումբ մարդկանց, ովքեր ունակություն չունեն նման իրավիճակներում կառավարել երկիրը՝ ճգնաժամը կառավարել, կառավարել խնդիրները՝ գտնել լուծումները, առաջարկել լուծումներ, լուծել այդ խնդիրները։
Չունեն, չեն կարողանալու, հիմա ինչքան էլ հարցազրույց տանք, գոռանք այդ մարդկանց վրա չեն կարող անել: Պատկերացրեք ` այդ 300 կգ ծանրաձողը դրել եք մի մարդու մոտ, ով 50 կգ ավել չի կարող բարձրացնել և ասում ենք չէ՝ պետք է բարձրացնես: Հիմա նույնն է այս կառավարության մոտ: Ի՞նչ եք ուզում Նիկոլ Փաշինյանից, կամ իր հետի մարդկանցից, հիմա այդ մարդիկ չեն կարող , պետություն կառավարել չգիտեն»։
Անդրադառնալով այն հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ այս իշխանությունները չեն հեռանում Էդմոն Մարուքյանը ասաց.
«Նման մարդիկ չեն կարող իրենց սխալները հեշտությամբ ընդունել ու խնդիրը հիմա իրենց սխալը ընդունել չընդունելու մեջ չի , այլ այդ սխալը ընդունել չընդունելուց է կախված մեր պետություն ունենալը, եթե մեր ժողովուրդը ուզում է պետություն ունենալ ապա պետք է գնանք այն ճանապարհով, որ այս մարդկանց պարզապես ուղարկենք իրենց տները»։