Հայաստանում դեղերի գները մեկ տարում աճել են 13.3%-ով․ ՏՄՊՊՀ-ն դարձյալ անգործություն է ցուցաբերում (Գրաֆիկ)
ЭкономикаԴեղամիջոցների գները մեկ տարվա ընթացքում, այս տարվա մարտի տվյալով, աճել են ավելի քան 13 տոկոսով։ Գնաճի վրա ազդել են ինչպես COVID-19-ի համավարակը, այնպես էլ միջազգային արժույթի համեմատ դրամի աճը։
Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես և սպասվում էր, հանգեցրեց դեղերի նկատմամբ միջազգային շուկայում պահանջարկի աճին։ Հայաստանում սպառվող դեղագործական արտադրանքը հիմնականում ներմուծվում է Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Հունգարիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Հատկանշական է, որ դեղորայքի ներմուծման ծավալները նվազել են, բացառությամբ բամբակի, թանզիֆի, վիրակապի և նմանատիպ միջոցների, որոնք 2020 թվականին 2019 թվականի համեմատ արձանագրել են 62.3% աճ, ինչը բացատրվում է վերջին արցախայան պատերազմով: 2020 թվականին չկշռածրարված դեղամիջոցների ներմուծման ծավալները նվազել են 22.7%-ով, կշռածրարված դեղամիջոցների ներմուծման ծավալները՝ 27.0%-ով, իսկ դեղագործական ապրանքների ծավալները՝ 8.1%-ով: Դեղագործական արտադրանքի ներմուծման ծավալների նվազման նման միտումները կարելի է բացատրել Covid-19 համավարակի պայմաններում որոշակի դեղամիջոցների նկատմամբ պահանջարկի աննախադեպ աճով, որի պայմաններում մի շարք արտադրատեսակներ ՀՀ են ներմուծվել սահմանափակ ծավալներով:
Դեղերի շուկայում իրավիճակը էլ ավելի սրվեց 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի մարտ ամսին 2020 թվականի մարտի համեմատ դեղագործական ապրանքների գներն աճել են 13.3%-ով, 2021 թվականի փետրվար ամսվա նկատմամբ՝ 1.2%-ով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ՝ 7.2%-ով: Միաժամանակ, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ դեղագործական ապրանքների գները աճելն են 11.9%-ով:
Դեղագործական արտադրանքի գների աճի վրա ազդող գործոններից մեկը ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ Հայաստանը դեղերի գերակշիռ մասը ներկրում է։
Բացի դրանից, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ շեշտակի աճել է հետաքրքրությունը դեղամիջոցների և բժշկական պարագաների առևտրի նկատմամբ: Ստեղծված իրավիճակից փորձում են առավելագույն օգուտ ստանալ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ՝ բարձրացնելով դեղերի գները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հակավիրուսային, սիրտ-անոթային, արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներին, որոնց պարագայում մեկ տուփի արժեքի տարբերությունը երբեմն կազմում է 200 – 300 դրամ:
Արդյունքում առաջացել է մի իրավիճակ, երբ հայաստանյան դեղատներն օգտվում են վերահսկողության բացակայությունից և պահանջարկի աճին զուգահեռ թանկացնում են դեղամիջոցները, ինչի համար, սակայն չեն պատժվում: Որոշ խոշոր դեղ արտադրող-ներկրող ընկերություններ վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև դեղատների ցանցերը (մանրածախ)։
Ուշագրավ է, որ ինչպես մի շարք այլ ապրանքային շուկաների, այնպես էլ դեղերի շուկայի դեպքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր գործառույթները պատշաճ չկատարելը հաճախ մեկնաբանում է ուսումնասիրությունների ընթացքի մեջ լինելու պատճառաբանությամբ, ինչը կարելի է մեկնաբանել որպես հանցավոր անգործություն կամ պարզապես անկարողություն շուկայում մրցակցային իրավիճակի կարգավորման հարցում:
Արամ Աճեմյան