«Պրագմատիզմ, որը չի աշխատի». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ կարողանան հունիսի 20-ի ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն ունենալ: Պատճառը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի՝ եթե դարձավ փոքրամասնություն և վարչապետ դարձավ իր հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանը, ապա չի բացառվում, որ իր նկատմամբ կարող է քրեական հետապնդում սկսվել ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ մինչ պատերազմը տեղի ունեցած մի շարք գործընթացների բազմաթիվ դրվագներով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը:
Նրա խոսքով, սա է պատճառը, որ ամեն գնով փորձում է իր իշխանությունը երկարաձգել: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, սակայն, Փաշինյանի մարզային հավաքները ցույց են տալիս, որ այնքան էլ վստահ չէ իր ուժերի վրա: «Փաշինյանը մտածում է, որ եթե խրոխտ ձայնով հայտարարի, որ բացի իրենից բոլորը պատասխանատու և մեղավոր են, ապա դա իր արդյունքը կունենա: Պատասխանատվությունը փորձում է գցել ուրիշների վրա, որ այդ գործոնն իրենից լրացուցիչ ձայներ չտանի: Հիմա պատասխանատվությունն ուրիշների վրա է դնում, որ նախընտրական կամպանիայի ժամանակ ուրիշները՝ քիչ, իսկ ինքը շատ ձայներ ստանա: Դա պրագմատիզմ է, որը չի աշխատի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա չի աշխատի մասնավորապես մրցակիցների գրագետ աշխատանքի պարագայում:
Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգն այս փուլում քաղաքական ուժերի ակտիվություն չի տեսնում. «Դեռ միայն Նիկոլ Փաշինյանին եմ տեսնում, որը մարզային շրջայցեր է իրականացնում: Մնացածների դեպքում նույն ակտիվությունը չկա, ինչը տարօրինակ է: Իսկ հունիսի 20-ին քիչ՝ երկու ամիս ժամանակ է մնացել: Մյուս ուժերի աշխատանքի բացակայության հետևանքը կարող է լինել իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը՝ դաշինքային ինչ-որ ուժերի միջոցով: Իսկ եթե գործող իշխանությունը վերարտադրվեց, այս ընտրությունները ոչինչ չեն տալու: Ինչպես հիմա, այդ դեպքում էլ ներդրումներ չեն լինելու: Իսկ մարդկանց մի մասը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի վերարտադրության դեպքում հավանաբար արտագաղթելու շատ մեծ ցանկություն կունենա: Զգալի արտագաղթ կլինի, որովհետև ոչ ոք չի ցանկանա այս իշխանության օրոք գործել, իսկ երկրում էլ ավելի թուլացած հասարակություն կմնա, որը կփորձի ուղղակի գոյատևել: Մեծ հաշվով, հասարակության պոտենցիալը կերևա հունիսի 20-ին, այդ ժամանակ արդեն տեսանելի պոտենցիալ կլինի: Հսկ հիմա փաստացի նախընտրական կամպանիա է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, նախընտրական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև իշխող ուժի թիմի պահվածքը: «Թիմի վարքագիծը ցույց է տալիս, որ 2018 թվականին իշխանության եկած այդ երիտասարդները, որոնցից շատերը նաև անկախության սերնդի ներկայացուցիչներ են, իրենց մտածելակերպով ու ծափահարություններով ոչնչով չեն տարբերվում 1930կան թվականներին Ստալինին ծափահարող բոլշևիկներից կամ 1970 թվականներին Բրեժնևին ծափահարող կոմունիստական կուսակցության համագումարի պատվիրակներից: Նրանք ցույց են տալիս իրենց հավատարմությունն իրենց ղեկավարին: Ցույց են տալիս, որ ի շահ իրենց ղեկավարի կանեն ամեն ինչ՝ հույս ունենալով, որ ավելի շատ ծափահարելու դեպքում նախընտրական ցուցակում ավելի լավ տեղեր կստանան: Իրենք ամբողջովին ստրուկի կարգավիճակում են, թեպետ կարող է թվալ, թե երբեմն խիզախ-խիզախ խոսում են»,-նշեց նա:
Արմեն Բադալ յանը նկատեց՝ իշխանությունն առաջ է տանում այն թեզերը, որ դուր են գալիս իր ընտրազանգվածին: «Փաշինյանը հնչեցնում է այնպիսի տեսակետներ, որոնք իր ընտրազանգվածի մոտ դրական արձագանքներ են ստանում: Եվ իր ընտրազանգվածը հենց այն հատվածն է, որին նման թեզերը բավարարում են: Երբ, օրինակ՝ ասում ես ծառայության ժամկետները պետք է նվազեցնենք, հույս ես ունենում, որ 18 տարեկանը լրացած անձինք կարող են քեզ ձայն տալ: Եվ այստեղ ևս հարցն այն է, որ եթե մրցակիցները ոչինչ չարեցին, բոլոր թեզերն էլ կաշխատեն»,-նկատեց քաղտեխնոլոգը: Ըստ Արմեն Բադալ յանի՝ մրցակիցներից է կախված նաև ենթադրյալ ընտրակեղծիքներով հաջողություններ գրանցելու հանգամանքը:
«Նախ՝ ուզում եմ շեշտել, որ մեզ մոտ գերագնահատվում է վարչական ռեսուրսը: Վարչական ռեսուրսով չես կարող այնքան ընտրակեղծիք անել, որ քեզ թույլ կտա վերարտադրվել: Եթե մրցակիցները բավականին որակյալ քարոզարշավ իրականացնեն, հնարավոր չի լինի վարչական ռեսուրսով մեծ հաջողություն ունենալ: Վարչական ռեսուրսով հնարավոր է ընտրությունների արդյունքները կեղծել 1-3 տոկոսով, ինչը ոչինչ չի տա»,-ասաց Ա. Բադալյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում