Երբ Փաշինյանը խոսում է առանց թղթի, նա իրականում խոսում է առանց մտածելու․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
politexpert.net-ը «Հայաստանի վարչապետը մտածել է Ղարաբաղում պարտության պատճառի նոր վարկած» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի սկսվել, բայց Նիկոլ Փաշինյանն իրականում արդեն քարոզչություն է իրականացնում՝ շրջելով հանրապետության մարզերով և ուշագրավ հայտարարություններ անելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ:
Սովորաբար Փաշինյանի հանդիպումները մարզերի բնակիչների հետ այնքան էլ մարդաշատ չեն լինում: Կազմակերպիչները, որպես կանոն, տեղի դպրոցներից երեխաներ են բերում, որոնք Փաշինյանին սիրով դիմավորում են բուռն ծափողջույններով: Ինչ վերաբերում է նրա նախընտրական հայտարարություններին, ապա դրանք ավելի ու ավելի են սկսել դառնալ ռուսահաճո: Ընդ որում, երբեմն Մոսկվայի մասին հնարավորինս շատ լավ բաներ ասելու ցանկությունը այնքան մեծ է լինում, որ բառերի սխալ ընտրությունից ստացվում է ոչ ճիշտ հայտարարություն: Կարող ենք, իհարկե, ասել, որ սրա մեջ մեղավորություն չկա. հայտնի է, որ երբ Փաշինյանը խոսում է առանց թղթի, նա իրականում խոսում է առանց մտածելու:
Հատկապես, երբ երեխաների խանդավառ աչքերն են ուղղված նրան: Վայոց ձորում իր վերջին այցի ժամանակ նա խոսել է պատերազմի անխուսափելիության մասին: «Միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայներ: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ:
Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն», համոզված ասել է նա: Հայաստանում նման հայտարարությունները դիտարկվում են հիմնականում արտահերթ ընտրությունների քարոզարշավի համատեքստում: Վարկանիշի անկման և դավաճանության մեղադրանքի ֆոնին, ըստ ամենայնի, Փաշինյանը պատրաստ է դիմել ցանկացած փաստարկի մարդկանց բարկությունն իրենից շեղելու համար: Սկզբում մեղավոր էին նշանակվել նախկին իշխանությունները, որոնք «թալանել են բանակը»: Ապա մեղավորներ նշանակվեցին հրամանատարները, որոնք իբր որոշումներ են կայացրել՝ շրջանցելով վարչապետին:
Բայց, հավանաբար, այս ամենը չի բավարարել Փաշինյանի քաղտեխնոլոգներին, և ծնվել է պատերազմում կրած պարտության աշխարհաքաղաքական տարբերակը՝ միջնորդների, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հակասությունները և ստատուս քվոն պահպանելու Մոսկվայի չկամությունը: Պարտության այս վարկածն է հատկապես ընդունելի իշխանական և հարիշխանական «սորոսական» թևի համար, որը ամուր նստած է Արևմուտքի դրամաշնորհային ասեղի վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում