Ոստիկանը 16-ամյա աղջկա է սպանել
Международные новостиԱմերիկյան Կոլումբուս քաղաքում ոստիկանը գնդակահարել է 16-ամյա սեւամորթ Մաքայ Բրայանթին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է տեղական 10TV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:45-ի սահմաններում այն բանից հետո, երբ ոստիկանությունն ահազանգ էր ստացել դանակով աղջկա հարձակման մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանը կրակել էր աղջկա վրա, նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մոտ մեկ ժամ անց մահացել էր: Ըստ մահացածի մորաքրոջ՝ Հեյզել Բրայանթի, իր զարմուհին ապրում էր խնամատար ընտանիքի տանը եւ վիճել էր տան անդամներից մեկի հետ: Նա նաեւ հայտարարել է, որ աղջկա մոտ դանակ կար, սակայն նա այն մի կողմ էր գցել ոստիկանի կողմից կրակ բացելուց առաջ: WNBC-ի փոխանցմամբ՝ նրա անունը Մաքայա Բրայանթ էր, նա 16 տարեկան էր, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ թերթի՝ դեպքի վայրում շուրջ 50 ագրեսիվ տրամադրված մարդ է հավաքվել: Նրանցից ոմանք կոչ են անում վրեժ լուծել:
Քաղաքապետ Էնդրյու Գինթերը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ թույլ տալ, որ հետաքննությունը պարզի իրավիճակը: Հրաձգություն իրականացրած ոստիկանին նրա գործողությունները ֆիքսող տեսախցիկ էր կցված: