Էրդողան. «Մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ունեցել»
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք վիճահարույց հայտարարություններով, փոխանցում է Ermenihaber-ը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին՝ Էրդողանը Բայդենի ուղերձն անվանել է «անարդար և ոչ ճշմարտացի»։
Պնդելով, որ «պատմաիրավական որևէ հիմք չունեցող» այդ պատմությունները վրդովեցրել են իրեն ու իր հայրենակիցներին՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Եվրոպան իրենց մեղքերի ամոթից ուղղակի չեն կարող մարդկանց երեսին նայել։
Եվս մեկ անգամ հիշեցնելով «պատմությունը պատմաբանների գործն է, ոչ թե քաղաքական գործիչների․ եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք» իր չընդունված առաջարկի մասին, Էրդողանը շարունակել է․
«Մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ուենցել․ դա փակված հակապետական կառույցների 235 առաջնորդների կալանավորման օրն է։ Հայերն Օսմանյան պետության սահմաններից դուրս չեն ուղարկվել, նրանք ուղղակի երկրի ներսում մի տեղից տեղափոխվել են մի ուրիշ վայր․ մի շաբաթ ժամանակ է տրվել, իսկ ով հարգելի պատճառ է ունեցել, չի տեղահանվել։ Օսմանահպատակ հայերի այդ տեղահանության ընթացքում մահացած հայերի թիվը հազիվ 150․000 կազմի։
Ես փաստով եմ խոսում, հարգելի պարոն Բայդենի պես չեմ խոսում։ Մեր ձեռքում պատմական փաստաթղթեր կան, մենք ըստ դրանց ենք խոսում։ Բայդենն ի՞նչ փաստաթուղթ ունի։ Եթե ունի, թող հրապարակի»։
Մերկապարանոց պնդումներ անելով այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը փաստող որևէ կոնկրետ փաստաթուղթ կամ դատական որոշում գոյություն չունի՝ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն շուտափույթ կերպով հետ կկանգնի իր «սխալ քայլից»։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: