Սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով տուժածների թիվը հասել է 163-ի, զոհվել է 31 մարդ
Международные новостиՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, զոհվել է 31 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային գոտիների բնակիչների կոնֆլիկտն ապրիլի 29-ին վերածվել է երկու երկրների միջև զինված հակամարտության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Զոհվել է 40 մարդ` երկու կողմից, ավելի քան 200-ը տուժել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն հաջորդ օրը կրակոցները վերսկսվել են: Հերթական հաշտությունը կնքվել է ապրիլի 30-ի երեկոյան:
Մայիսի 1-ին Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները: