Էդմոն Մարուքյանի աստեղային ժամը
АналитикаԽորհրդարանական արտահերթ ընտրություններին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն եւ մայիսի 10-ին Ազգային ժողովը` վարչապետ չընտրելով, ինքնալուծարվի։
Վերջին ամիսների ամենաքննարկվող թեմաներից մեկը հնարավոր երրորդ բեւեռի ձեավորման անհրաժեշտությունն է։ Բազում մարդիկ, ովքեր չեն ցանկանում ձայն տալ ոչ նախկիններին, ոչ՝ նախկիններից ավելի վատթար դրսեւորած Փաշինյանին, մեկ կարեւոր խնդիր են տեսնում՝ ընտրել քաղաքակիրթ, դասական եւ էթիկայի կանոնները պահող քաղաքական գործչի եւ նրա գլխավորած թիմին։
Եւ այդ շանսերն ունեցող գործիչների մեջ առանձնանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Էդմոն Մարուքյանը։
Թե նախկինում, թե այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Մարուքյանն իրեն դրսեւորել է որպես քաղաքակիրթ գործիչ, նրա եւ իր կուսակից պատգամավորների քննադատությունները երբեք անձնական դաշտ չեն տեղափոխվել, եղել են առարկայական եւ հստակ։ Գաղտնիք չէ, որ 2018-ին շատերն ընտրել էին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ սխալմամբ կարծելով, թե «Իմ քայլը» կարող է նոր որակ բերել հանրային դիսկուրսում, արժեքային փոփոխություններ իրականացնել երկրում։ Այդ մարդիկ հիասթափված են, բնականաբար առաջիկա ընտրություններում չեն ընտրելու մանկամիտ դեղնակտուցների հավաքույթին եւ կարիք ունեն ընտրել ցիվիլ եւ դասական քաղաքական ուժի։
Էդմոն Մարուքյանն էլ համառորեն փորձում է բացատրել արժեքների սերմանման, հանրային համաձայնության հասնելու անհրաժեշտությունը։ Դա է վկայում այսօր նրա կողմից տարածած հայտարարության նախագիծը, որով քաղաքական ուժերին կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ֊տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների պայմաններում գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական համակարգն առողջացնելու ուղղությամբ, պայքարը տանել ոչ թե հայհոյանքների, ատելության քարոզի, զրպարտության միջոցներով, այլ գործել զուտ միասնականության, պետականության շահերից ելնելով։
Դժվար չէ ասել, թե ինչ ճակատագրի կարժանանա նրա առաջարկը, հատկապես, երբ թե գործող վարչակազմը, թե նրա հակառակորդների զգալի մասը չեն խորշում հայհոյախոս ֆեյքերի ծառայություններից։
Փաստ է, սակայն, որ Մարուքյանի առաջարկի անհրաժեշտությունը կա, Հայաստանում կան տասնյակ հազարավոր կիրթ, դասիարակված, հարենիքը սիրող ու գնահատող մարդիկ, որոնք ունեն ընտրելու հնարավորություն` ընտրել ցիվիլ քաղաքական ուժի։
Այդ առումով, «Լուսավոր Հայաստանը» ունի բոլոր հիմքերը դառնալու այլընտրանք։ Կօգտվի արդյո՞ք այդ հնարավորությունից, պարզ կլինի հունիսի 20-ի ընտրությանը։
Մարիամ Օհանյան