Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին»
АналитикаՊատերազմում Արցախի տարածքի զգալի կորուստն ու Սյունիքի գլխին կանգնած վտանգը պարտադրում են Հայաստան աշխարհի այդ երկու առանցքային տարածաշրջանների համար պայքարող մարդկանց միավորվել, իշխանության հանցավոր անգործության պայմաններում ջանքերը մեկտեղել՝ թշնամու վտանգին դիմակայելու համար։
Նախօրեին «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն իր աջակցության մասին է հայտնել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ Վերջինս միակն էր, որ, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, արձանագրում էր Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունների անգործությունը, այժմ էլ իր անձնական կապերն է օգտագործում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Իսկ այդ ջանքերը արդյունք են տալիս, վկան՝ երեք ռազմագերիների վերադարձն է։ Բորիս Ավագյանը նախօրեին էլ հանդիպել է անհետ կորած անձանց ծնողների հետ, խոստացել իր կապերով պարզել՝ արդյո՞ք նրանք գերեւարված են, թե՞ ոչ, օգտագործել իր հնարավորությունները՝ նրանց հետ վերադարձնելու գործում։
Միանալով Սյունիքի անվտանգությունն իր քաղաքական պայքարի առանցք հռչակած Վահե Հակոբյանի հետ՝ Բորիս Ավագյանը շեշտում է՝ իրենց պայքարի կարեւորագույն խնդիրը Սյունիքի բնակիչների անվտանգության ապահովումն է։
«Սյունիք իմ վերջին այցի ընթացքում տեսա ցուցանակներ՝ «Վելքոմ Ադրբեջան»։ Սա այն դեպքում, երբ ունենք մեծաքանակ գերիներ, անհետ կորածներ, վեց ամիս առաջ զոհվել է 5000 տղա և թույլ տալ, որ բերեն ու ամրացնեն այդ ցուցանակները ու սահմանային գիծն այդպես քաշեն։ Ես տեսնում եմ, որ Սյունիքի բնակչության միակ անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահ զորքերը, որոնք կանգնած են ադրբեջանական սահմանապահ զորքերի հետ դեմ դիմաց և միայն դա է Սյունիքի հույսը, որ կարողանում են այնտեղ դեռևս ապրել, ոչ թե գաղթել»,- նշել է Ավագյանը։
Ի դեպ, Ավագյանը նույնիսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ քննարկում չի ունեցել, այլ որոշել է իր ուժերի ներածին չափով աջակցել ընդդիմադիր դաշինքին։
Վիճակն իսկապես օրհասական է, եւ երկրի ապագայի մասին մտահոգ գործիչները հասկանում են՝ հարկավոր է համախմբվել, հեռացնել երկիրը ձախողման տարած ապիկար ուժին, ապահովել հայրենիքի անվտանգությունը, վերադարձնել գերիներին, Հայաստանի Հանրապետությունը դնել զարգացման եւ վերականգնման ռելսերի վրա։ Այլ ճանապարհ, համաձայնվեք, մեր երկիրը չունի։
Արամ Ավագյան