Ինչու են կեղծում իրականությունը
АналитикаՀայաստանում քաղաքական դաշտն ու նրան սպասարկող մամուլը վաղուց ապականված են ու շարունակում են նոր ռեկորդներ խփել ապականության այդ «հաղթարշավում»։
Հերիք է, արտերկրում անուն հանած և բարձր հեղինակություն ունեցող որևէ հայ գործարար փորձի գալ Հայաստան և իր նպաստը բերել երկրի զարգացման ու վերականգնման գործին, տեղական բորենիները քստմնելի արշավ են սկսում, փորձում սևացնել մարդկանց բարի անունը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը տակավին վերջերս է հետ վերադարձել Հայաստան, հայտնել քաղաքականություն մտնելու մասին։ Նա դեռ չի էլ հայտարարել, թե որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նշել է միայն, որ ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ չի ցանկանում գործակցել, մաքուր, չաղտոտված քաղաքական ուժի հետ է կապում իր հայրենիքի ապագան։
Բարերարը նաև ներկայացնում է իր արած գործերը, պարզ ու շիտակ։ Միգուցե կան ուժեր, որոնք ահաբեկվում են նրա ներկայությունից, դիսկոմֆորտ զգում, որ ավելի հաջողակ և բարձր հեղինակությամբ անձը կարող է իրական մրցակից լինել։ Գալու օրվանց Տիգրան Արզաքանցյանի անունը կապում են հնարավոր ու անհնարին տարբեր ուժերի հետ, կեղծիքներ տարածում, կուսակցությունների հետ կապում։ Նույնիսկ գրում, թե Արզաքանցյանը մի կուսակցություն է ուզում գնել, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի քավորությամբ։ Ավելորդ չէ նշել, որ Արզաքանցյանը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել, երկու անգամ եղել Ազգային ժողովի պատգամավոր, ով երբեք սկանդալներում չի հայտնվել։ Եղել է խոշոր գործարար, ով խոշոր բիզնեսներ է հիմնել թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Ռուսաստանում էլ ծանոթացել և ամուսնացել է Նատալյա Ռոտենբերգի հետ։
Ամեն ինչ կանցնի, որևէ կերպ հնարավոր չի լինի անվանարկել իրական հայրենասերներին, իսկ աղտոտողները իրենք կշարունակեն աղտոտված մնալ։
Արամ Վարդանյան