Իսկական սոցհարցումների արդյունքում հաղթում է 44-օրյա պատերազմի մասնակիցը
АналитикаՍույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Քաղաքական բոլոր ուժերը և գործիչները ակտիվորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին, սակայն, ի վերջո հասարակությո՛ւնն է որոշելու, թե ում է ցանկանում վստահել իր, իր ընտանիքի և Հայաստանի ապագան՝ առնվազն հաջորդ հինգ տարիների համար:
Արտահերթ ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ Pressmedia.am լրատվական կայքը սոցհարցման միջոցով պարզել է, թե քաղաքական գործիչներից ով հասարակական որչափ աջակցություն ունի, և ում կտա ընտրողն իր ձայնը, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը:
Սոցհարցմանը Երևանում և Հայաստանի 10 քաղաքներում մասնակցել են 1.840 չափահաս մարդիկ, ովքեր ունեն ընտրության իրավունք:
Սոցհարցման թերթիկում ներառվել էր ընտրություններին մասնակցել պատրաստվող հիմնական քաղաքական գործիչների անուններն, ինչպես նաև նկարագրել էինք երկու հնարավոր թեկնածուների՝ առանց անվանական նշելու, թե ում նկատի ունենք: Հարցաթերթիկը, որը լրացրել են հարցման մասնակիցները, ուներ հետևյալ տեսքը.
Եթե Հայաստանում առաջիկա կիրակի օրը տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, ապա ո՞ր թեկնածուին կտաք Ձեր ձայնը.
- Լևոն Տեր-Պետրոսյան,
- Ռոբերտ Քոչարյան,
- Սերժ Սարգսյան,
- Նիկոլ Փաշինյան,
- Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ով ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ,
- Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել 44-օրյա պատերազմին,
- Այլ թեկնածու,
- Ոչ մեկին:
Եվ այսպես, հարցմանը մասնակցած 1.840 ընտրողներից 20-ը կամ 1,08 տոկոս հայտարարել են, որ պատրաստ են քվեարկել առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի օգտին, Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 170 ձայն կամ 9,23 տոկոս, Սերժ Սարգսյանի օգտին՝ 20 ձայն կամ 1,08 տոկոս, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ 470 ձայն կամ 25,54 տոկոս, Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ՝ 700 ձայն կամ 38,04 տոկոս, Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել 44-օրյա պատերազմին՝ 60 ձայն կամ 3,26 տոկոս, այլ թեկնածու՝ 220 ձայն կամ 11,95 տոկոս, ոչ մեկին՝ 180 ձայն կամ 9,78 տոկոս:
Կարեն Մանուկյան