Ծեծկռտուք, դանակահարություն. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
TVՄայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ գյուղից էր, ըստ նախնական վարկածի՝ դեպքը գյուղում էր եղել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Օպերատիվ խումբը Խնձորեսկ մեկնեց։ Քրեական հետախույզները հարցումներ էին անցկացնում, երբ բաժնում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. ճակատի այտուցներով, դարձյալ Խնձորեսկից, 46-ամյա տղամարդ էր բուժօգնության դիմել։ Նա հայտնել էր, որ գյուղում ընկել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդն էր 42-ամյա համագյուղացուն դանակահարել։ Նա բուժհաստատությունից տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին և ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: