Քաբուլի մերձակայքում ավիահարվածների արդյունքում «Թալիբան»-ի վեց զինյալ է զոհվել
Международные новостиԱֆղանստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների արդյունքում «Թալիբան»-ի առնվազն վեց զինյալ է զոհվել, չորսը վիրավորվել են երկրի արեւելքում գտնվող Լոգար նահանգում, հաղորդում է «Սինհուա»-ն:
«Ռազմաօդային ուժերը շաբաթ օդային հարձակումներ են իրականացրել Լոգար նահանգի Մոհամադ աղա եւ Բարաքի Բարաք շրջաններում, որոնք մայրաքաղաք Քաբուլից մոտ 60 կիլոմետր հարավ են գտնվում: Սպանված զինյալների թվում է եղել նաեւ «Թալիբան»-ի տեղական առաջնորդը»,- ասված է տարածաշրջանում տեղակայված կառավարական ստորաբաժանման հայտարարության մեջ:
Հարվածները հասցվել են հաստատված հետախուզական տվյալների հիման վրա, ասված է բանակի հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ ռեյդերի արդյունքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել:
Ասիական երկրում բռնությունները շարունակվում են թալիբների կողմից փոքր քաղաքներ եւ շրջաններ գրավելու եւ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի դեմ դարանակալումներ կատարելու փորձերի ֆոնին:
Ըստ պաշտոնական տվյալների` Աֆղանստանի 407 շրջաններից շուրջ 15-ը շարունակում են մնալ թալիբների վերահսկողության տակ, եւս 40 շրջան բարձր սպառնալիքի են բախվում զինյալների կողմից, իսկ շրջանների 30 տոկոսը վիճելի են:
Մինչ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն իրենց զորքերը դուրս են բերում Աֆղանստանից, երկրում բռնությունների աճ է նկատվում: