«Մտավախություն ունենք, որ կառավարությունը կարող է «Նաիրիտն» ամբողջությամբ տանել սնանկացման»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Նաիրիտ» քիմիական գործարանի հետ առնչվող ցանկացած իրադարձություն «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Տարբեր հարցադրումներով փորձում ենք ստանալ պատասխաններ ինչպես պետական գերատեսչություններից, այնպես էլ «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներից: Պաշտոնական հարցումներից մեկով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից մեզ տեղեկացրել էին, որ «գործարանի պարտատերերի նիստում որոշում է կայացվել գործարանի վաճառքն իրականացնել մեկ լոտով, հետևաբար գործարանի սարքավորումների ապամոնտաժում և առանձին վաճառք չի կարող տեղի ունենալ»: Պատասխան հարցման մեջ փոխվարչապետի գրասենյակին խնդրել էինք տրամադրել այդ որոշման պատճենը: Օրերս ստացանք պատասխան, որ հայցվող տեղեկատվության տնօրինողը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն:
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք գործարանը մեկ լոտով վաճառելու որոշմանը, ինչպես նաև այլ հարցերի: Օրերս աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը վճարի իրենց աշխատավարձի պարտքերը: Իսրայել յանը նշում է՝ վաղ թե ուշ, աշխատավարձերի պարտքը պետությունը պետք է վճարի, բայց ինչպե՞ս է դա անելու, այս գործընթացի հետ կապված մի շարք մտավախություններ կան:
«Նախկին կառավարությունը ժամանակին որոշում ընդունեց, որ գործարանի տեխնիկական անվտանգությունը պետք է ապահովեր ԱԻՆ-ը: Կառավարությունը բյուջեով նախատեսել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է սրա համար աշխատավարձ ստանան, սակայն հետո նրանց ազատեցին աշխատանքից: Հիշեցնեմ, որ երբ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց, բարձրացվեց գործարանում առկա հրդեհավտանգ նյութերի անվտանգությունն ապահովելու հարցը։ 2017 թ.-ին ԱԻՆ-ը պայմանագիր կնքեց գործարանի 116 աշխատակցի հետ։ Աշխատավարձերի վճարման պարտավորությունը դրվեց սնանկության կառավարչի վրա: Պետությունը մեզ հավաստիացնում էր, որ գործարանն իր համար շատ կարևոր է, ուրեմն նա պետք է ամեն ինչ աներ, որ աշխատողների աշխատավարձի վճարումը չկապվեր գործարանի վաճառքի հետ, քանի որ սնանկության կառավարիչն ուրիշ միջոցներ չուներ աշխատավարձ վճարելու: Կառավարությունը և գործարանի համակարգող խումբը ժամանակին ստորագրել էին փաստաթուղթ, որ գործարանը պետք է վաճառվի մեկ լոտով: Այդ մասին ձեզ հայտնել էր նաև Ավինյանի գրասենյակը: Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը պաշտոնական որևէ ուժ չունի կամ այն առհասարակ չկա, հակառակ դեպքում այն կհրապարակվեր: Կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս է կազմված այդ փաստաթուղթը: Տեղեկություններ ունեմ, եթե, իհարկե, այդ որոշումը եղել է, դրանից հետո գործարանում աճուրդներ են կազմակերպվել, գույք է օտարվել, որը կարևոր է գործարանի հետագա աշխատանքի համար: Ստացվում է, որ եթե նման որոշում է կայացվել կառավարության կողմից, սնանկության կառավարիչը խախտել է այն, սնանկության խորհուրդը հետևողական չի եղել իր արձանագրության կատարման մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը:
Նշում է, որ սնանկության կառավարչի մասով կար հարուցված քրեական գործ, որտեղ նշված էին կառավարչի՝ իր գործունեության ընթացքում կատարված մի շարք խախտումներ: «Բայց մի քանի ամիս առաջ հատուկ քննչական ծառայությունից գրություն ստացա, որ այդ գործը կարճվել է: Գործի մեջ որպես խախտում ութ կետ էր նշված, դրանցից գոնե երեքի դեպքում սնանկության կառավարիչը խախտում է թույլ տվել»,-ընդգծում է գործարանի նախկին տնօրենը:
Հավելում է՝ իրենք մտավախություն ունեն, որ այս կառավարությունը կարող է որոշում կայացնել և գործարանն ամբողջությամբ տանել սնանկացման: «Այդ դեպքում գործարանը հնարավոր չի լինի վերականգնել: Բացի դա, գործարանի այն գույքը, որը չորս տարի է՝ պահում ենք, որ հնարավոր լինի «Նաիրիտը» վերագործարկել, կառավարությունը կարող է որպես մետաղի ջարդոն օտարել: Ի դեպ, այս ընթացքում ցանկացած գույք գործարանի տարածքից օտարվել է որպես մետաղի ջարդոն՝ շուկայականից բավականին ցածր գնով: Անցյալ տարի հունվարին գործարանի աշխատակիցները դիմել էին սնանկության դատավորին, որպեսզի ստանային իրենց չստացած աշխատավարձերն ու տոկոսները: Դա կատարվել էր սնանկության կառավարչի միջնորդությամբ, հովանավորությամբ, որը հայտարարել էր՝ «ամեն ինչ կանեմ, որ այդ գումարները ստանաք»: Մենք աղմուկ բարձրացրեցինք, կառավարությանը զգուշացրեցինք, որ ուշադրության կենտրոնում պահի այդ հարցը: Եթե սնանկության դատավորը բավարարեր հայցը, մարդիկ գալու էին կառավարչի մոտ ու պահանջեին իրենց աշխատավարձերը և տոկոսները, իսկ նա էլ ասելու էր՝ կառավարությունը թույլ չի տալիս գույքը վաճառել, գնացեք իր մոտ, բերեք համապատասխան թույլտվություն: Այսինքն՝ սլաքներն ուղղվելու էին կառավարությանը, նպատակն այն էր, որ կառավարության հետ ձեռք բերած մեր պայմանավորվածությունը չեղյալ համարվեր: Այն ժամանակ կարողացանք դա կանխել, բայց հիմա նույն խնդիրը նորից առաջին պլան է մղվել»,-ասում է Իսրայելյանը:
Հիշեցնում է՝ ժամանակին գործարանի աշխատակիցների մի մասը ցույց էր կազմակերպում, պահանջում գործարանի վերաթողարկում, իսկ ներկայիս աշխատակիցները չէին միանում իրենց: «Ոչ մեկ անգամ իրենց ասել ենք՝ վաղը ձեզ էլ աշխատավարձ չեն տալու: Մեր պայքարի ամբողջ նպատակն է, որ գործարանն ամբողջ ծավալով աշխատի, չընկնի Վանաձորի քիմպրոմի օրը: Այն հսկա գործարան էր, իսկ այսօր մնացել են միայն ավերակները, միայն պարիսպն է կանգուն ու վերջ: Հիմա էլ խոսում են չինական և ռուսական հնարավոր ներդրողների մասին: Ոչ մեկ անգամ եմ ասել, թե ինչու իմ կարծիքով ո՛չ ռուսական, ո՛չ էլ չինական ընկերությունները ներդրում չեն կատարի «Նաիրիտում»: Կառավարության հետ մեր մեկ ու կես տարվա պայքարից հետո իրենք նոր հասկանում են ու առաջարկում են, որ գուցե ճիշտ կլինի, եթե գործարանի վերագործարկումը և ծախսերը պետությունն իրագործի: «Նաիրիտի» հարցում թե՛ նախկինում, թե՛ ներկայումս պետությունն անգործություն է դրսևորում»,-եզրափակում է Կարեն Իսրայելյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում