Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ-ի պլանին
Международные новостиՖրանսիան դեմ է ՆԱՏՕ 20 մլրդ դոլարի պլանին՝ ուղղված դաշինքին ավելի մեծ ճկունություն հաղորդելուն ռազմական սպառնալիքների, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։ Փարիզը մտահոգ է, որ այդ քայլը կարող է խափանել պաշտպանական առաջնահերթությունները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փետրվարին դաշնակիցներին առաջարկել էր ավելի շատ փող տրամադրել գոյություն ունեցող՝ թեկուզեւ ոչ մեծ ընդհանուր բյուջեներին, այլ ոչ թե հույսը դնել ներկա համակարգի վրա, երբ յուրաքանչյուր կառավարություն վճարում է իր սեփական ռազմական գործողությունների համար։
Առաջարկը նաեւ ուղղված է այն բանին, որպեսզի լսեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2019թ. նախազգուշացումն այն մասին, որ «ՆԱՏՕ ուղեղը մահացել է», որովհետեւ դաշինքը հստակ քաղաքական ռազմավարություն չունի բազմաբեւեռ աշխարհում, սառը պատերազմի ավարտից հետո։
Սակայն Ֆրանսիան կարծում է, որ այդ գաղափարը, որի էությունը, դիվանագետների խոսքով, այն էր, որպեսզի մոտ 20 մլրդ դոլար ներդրվի ընդհանուր բյուջեում 10 տարվա ընթացքում, հազիվ թե օգուտ բերի ֆրանսիական ռազմական առաջնահերթություններին եւ վտանգում է շեղել ուշադրությունն ու ռեսուրսները Եվրամիության անդամ պետությունների պաշտպանական պոտենցիալների ստեղծումից։
«Եթե գաղափարն այն է, որ կտրուկ ավելանա երկրների ներդրումը ընդհանուր բյուջեներում եւ փոխել ՆԱՏՕ փիլիսոփայությունը՝ ազգային պատասխանատվությունից անցնելով պատասխանատվության թուլացմանը, ապա Ֆրանսիայի պատասխանը ակնհայտորեն բացասական կլինի»,- ասել է աղբյուրը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում։
Նրա խոսքով՝ Փարիզը դեռ բաց է հակափաստարկներ եւ մանրամասներ լսելու համար։ Ֆրանսիան արդեն կատարում է ՆԱՏՕ առաջադրանքը՝ հատկացնել ՀՆԱ 2 տոկոս պաշտպանությանը։
Չորս դիվանագետներից մեկն ասել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին տխրել էր Ստոլտենբերգի որոշումից՝ փետրվարին հրապարակել իր առաջարկի պլանը։ ՆԱՏՕ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ բանակցությունները գագաթաժողովից առաջ կառուցողական էին, ՆԱՏՕ արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները հունիսի 1-ի հանդիպմանը կքննարկեն այդ առաջարկը, որը Ստոլտենբերգի առաջարկած ՆԱՏՕ 2030 բարեփոխումների փաթեթի մասն է։