«Փաստացի ամուսնալուծված չլինելով՝ ծնողները կարող են ալիմենտ պահանջել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Կան իրավական խնդիրներ, որոնք առավել շատ են հանդիպում փաստաբանների պրակտիկայում: Խոսելով դրանց մասին, քննարկելով դրանք՝ «Փաստը» նպատակ ունի ընթերցողներին ոչ միայն ավելի իրազեկ դարձնել, այլ ցույց տալ, թե կոնկրետ իրավիճակում իրենք ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Իհարկե, լավագույն տարբերակը սեփական իրավունքներին ու պարտականություններին իրազեկ լինելն է, ոչ թե հայտնվել խնդիրների առջև և հետո մտածել, թե ինչպես դրանք հանգուցալուծել՝ ծախսելով ժամանակ, նյարդեր և, իհարկե, ֆինանսական միջոցներ: Փաստաբան Սերգեյ Ադիբեկյանը նշում է՝ իր պրակտիկայում շատ են ընտանեկան հարաբերություններին վերաբերող գործերը:
«Այս հարաբերությունների շրջանակում շատ են ամուսնալուծության, երեխայի ալիմենտի բռնագանձման, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու և երեխայի բնակության վայր սահմանելու հետ կապված գործերը: Շատ են դեպքերը, երբ անչափահաս երեխայի ծնողներից մեկը դիմում է խնդրով, թե ում մոտ պետք է բնակվի իրենց երեխան՝ մոր, թե՞ հոր, ինչ պայմաններով մյուս ծնողը, ում մոտ երեխան չի բնակվում, պետք է տեսակցի նրա հետ իրենց ամուսնությունը լուծելուց հետո: Այս ամենը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ երեխայի ծնողները չեն կարողանում որևէ տարբերակով համաձայնության գալ, լինում են վիճահարույց հարցեր, այս դեպքում արդեն դիմում են փաստաբանների և դատարանի օգնությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադիբեկյանը:
Նշում է՝ օրենքների չիմացության պատճառով քաղաքացին ամենատարբեր հարցերում բազմաթիվ խնդիրների է հանդիպում: «Օրինակ՝ շատերը չգիտեն, որ լինելով չամուսնալուծված, խոսքը ՔԿԱԳ-ով կամ դատարանով ամուսնալուծված չլինելու մասին է, բայց փաստացի բնակվելով առանձին, ամուսիններից մեկը, ում խնամքին է գտնվում իրենց երեխան կամ երեխաները, կարող է դիմել ալիմենտ ստանալու, իսկ ինչ վերաբերում է համատեղ ամուսնական կյանքում ձեռքբերած գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները և այլն, կիսելու պահանջով կարող են դիմել, թեկուզ եթե ամուսինները վարում են համատեղ ամուսնական կյանք: Այդ դեպքում բոլոր գործողությունները կարող են կատարվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ:
Մեր քաղաքացիները հիմնականում տեղեկացված չեն սրա մասին, շատերը կարծում են՝ պետք է պարտադիր ամուսնալուծված լինեն, որ կարողանան պահանջներ ներկայացնել իրենց ամուսնուն կամ կնոջը, բայց դա այդպես չէ: Գործնականում նման դեպքերը շատ-շատ են: Իմ վարույթում այսօր կա մի գործ, երբ ամուսինները օրենքով սահմանված կարգով ամուսնալուծված չեն, բայց արդեն տասնմեկ տարի է՝ իրար հետ չեն բնակվում: Ընդ որում, թե՛ կինը, թե՛ տղամարդն արդեն բավականին ժամանակ այլ անձանց հետ վարում են փաստացի ամուսնական կյանք, անգամ երեխաներ ունեն, որոնց հանդեպ ճանաչել են իրենց ծնողական իրավունքները»,-նշում է մեր զրուցակիցը:
Տարաբնույթ գործերը դատարաններում կարող են քննվել ամիսներ շարունակ, օրինակ՝ հայցադիմումը ներկայացնելուց հետո գործի քննությունը տևում է բավականին երկար, և վճիռը հրապարակվում է մի քանի տարի անց: Փաստաբանը նշում է՝ եթե անձինք ունեն համաձայնություն և ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով, դատարանը պարտավոր է մեկ ամսվա մեջ քննել գործը և վճիռ կայացնել:
«Այն դեպքերում, երբ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով, օրենքը հստակ ժամկետ է սահմանել՝ մեկ ամսվա մեջ դատարանը պետք է լուծի ամուսնությունը: Մեկ ամսվա մեջ դատարանը պետք է գործը քննի և վճիռ կայացնի: Սա հստակ է: Դատական կարգով ամուսնությունը դադարած է համարվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այդ պահից սկսած ամուսինների իրավունքները և պարտականություններն իրար նկատմամբ դադարում են՝ բացառությամբ օրենքով սահմանված իրավունքների և պարտականությունների»,- ընդգծում է Ադիբեկյանը: Ընտանեկան հարաբերությունների համատեքստում շատ կարևոր է նաև երեխային տրվող ալիմենտի՝ ապրուստավճարի հարցը:
«Բռնագանձում է կատարվում անձի աշխատավարձից և այլ վաստակից, ընդ որում՝ առանձին չափով մեկ, երկու, երեք երեխայի համար: Անձը պետք է օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող լինի, դատարան է ներկայացվում համապատասխան փաստաթուղթ, որ անձն աշխատում է այսինչ հիմնարկում և ունի այսքան եկամուտ կամ այլ վաստակ: Հակառակ դեպքում, եթե չկա այդ ապացույցը, բռնագանձումը կատարվում է կայուն դրամական գումարի տեսքով, որն ամեն ամիս վճարում է ծնողը: Նշեմ մեկ բան ևս: Ունենք նախադեպ, երբ Վճռաբեկ դատարանը, չնայած նրան, որ անձն ուներ աշխատավարձ, եկամուտ, բայց ծնողի և երեխայի հավասարակշռությունը պահպանելու համար դատարանն ասաց, որ այդ դեպքում բռնագանձումը կարող է կատարվել կայուն դրամական գումարի տեսքով:
Օրինակ՝ անձը ստանում է երկու միլիոն աշխատավարձ, ունի մեկ երեխա, իր աշխատավարձի մեկ քառորդն օրենքով պետք է բռնագանձվի: Խոսքն այս դեպքում հինգ հարյուր հազար դրամի մասին է, իսկ սա խելամիտ ալիմենտային գումար չի համարվում: Այդ դեպքում հնարավոր է նվազեցնել ալիմենտի չափը, օրենքը դա թույլ է տալիս, իհարկե, հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, նախկին կենսապայմանները, սա առաջնային է: Եթե ծնողները, օրինակ՝ համարում են, որ հարյուր հազար դրամը բավարար է երեխայի նախկին կենսապայմաններն ապահովելու համար, այստեղ առաջ է գալիս ծնողների հավասարության սկզբունքը: Ե՛վ հայրը, և՛մայրն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, այս դեպքում այն ծնողից, ում մոտ երեխան չի բնակվում, ենթակա է բռնագանձման այդ գումարի կեսը»,- եզրափակում է Սերգեյ Ադիբեկյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում