Նոր ընդդիմության ակնկալիքով․ «Վերածնվող Հայաստանը» կարող է առանցքային ուժ դառնալ
АналитикаԽորհրդարանական արտահերթ ընտրությունների ցնցող արդյունքը վկայեց, որ նախկին քաղաքական ուժերն ու գործիչները սպառվել են․ նրանց չհաջողվեց ստանալ հանրային լայն զանգվածների աջակցությունը և իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
Այդ պարտության բազում պատճառներ կարելի է բերել և շաբաթներով քննարկել, բայց մի բան հստակ է՝ Հայաստանը կարիք ունի թարմ դեմքերի, թարմ գաղափարների, այլևս շարունակելու է խարխափել անդունդում։
Այս համատեքստում մի կարևոր հարց է ծագում, թե որտեղից գտնել այդ թարմ ուժերին, դեմքերին, որոնք կկարողանան իրական մրցակցություն ապահովել կապիտուլյանտ և ապիկար իշխանության դեմ պայքարում։ Բոլորովին էլ պետք չէ ընտրել արտերկրում կամ առկա քաղաքական համակարգից դուրս։
Արտահերթ ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժի շարքերում էլ ձևավորվեց մի ուժ, որը ունեցած ռեսուրսների, ցուցաբերած արդյունքի շնորհիվ առանձնանում է։ Խոսքը «Վերածնվող Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Վահե Հակոբյանի մասին է։
Պատահական չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն սատարող տասնյակ քաղաքական ուժերի մեջ ընտրեց հենց 130-ամյա Դաշնակցությանը և նորաստեղծ «Վերածնվող Հայաստանին»։
Ընդ որում, եթե ՀՅԴ-ի դեպքում առանձնակի մեծ աշխատանք չնկատեցինք, նույնիսկ կարկառուն դաշնակցականների ծննդավայրերում Նիկոլ Փաշինյանը խոշոր հաղթանակ տարավ, ապա Սյունիքում, որտեղ համայնքապետերի մեծ մասը հենց «Վերածնվող Հայաստանի» անդամներ էին, դաժան մրցակցություն ստեղծվեց, շատ տեղամասերում էլ իշխանությունը պարտվեց։
Վահե Հակոբյանն ապացուցեց, որ կարող է ժամանակի ընթացքում դառնալ լուրջ գործոն՝ պարտությունից եզրահանգումներ անելու, համախմբվելու և նոր թափով պայքարելու երկրի արժանապատվությունը վերականգնելու համար։
Դանիել Պետրոսյան