Շոյգու. առանց ՆԱՏՕ-ի ի՞նչ ենք անելու
Международные новостиՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար մտահոգիչ է իրավիճակը Աֆղանստանում՝ կապված ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ:
Նշենք, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի զորքի դուրսբերմանը զուգահեռ թալիբներն Աֆղանստանում ընդլայնում են իրենց վերահսկողության տարածքը եւ չի բացառվում, որ այդ երկրում կրկին լայնածավալ պատերազմ բռնկվի կառավարական ուժերի հետ:
Թալիբները վերահսկողություն են սահմանել Տաջիկստանի հետ սահմանային անցակետում: Չի բացառվում, որ լարվածության ալիքն անցնի Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք ՀԱՊԿ անդամներ են, լուրջ խնդիրներ ստեղծելով նաեւ Ռուսաստանի համար:
Աֆղանստանում հարաբերական կայունությունն ապահովում էին ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ուժերը: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ պայքարող Ռուսաստանը, առավել եւս ծաղրանկարային ՀԱՊԿ-ն ընդունակ չեն լինելու դիմակայել մարտահրավերներին, եթե լարվածությունն անցնի Կենտրոնական Ասիա:
Առավել հավանական է, որ Ռուսաստանն այս մարտահրավերներին հանդիման հանձնի Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին (ՀԱՊԿ-ն էլ խորհրդակցություններ սկսի), առավելագույնը թալիբների հետ համատեղ կենտրոններ ստեղծելով օրինակ ոչ թյուրքական Տաջիկստանում, որի դեմ Ռուսաստանի ցեղասպան գործողությունները հայտնի են պատմությունից:
Հայաստանը ենթարկվեց Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիային: «Թուրքիային ՆԱՏՕ-ից ու Արեւմուտքից կտրելու» ռուսական ցնորամիտ ծրագրերը հասել են տրամաբանական վախճանին՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի անխուսափելի նահանջին, եւ խիստ հատկանշական է, որ Հայաստանի ուղղությամբ Կրեմլի մշակումներին մասնակից վերլուծաբանները վատ թաքցրած հույսեր են փայփայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «միջամտության» հարցում: