ԱՄՆ-ում աճուրդում $1,8 մլն-ով վաճառվել է Չերչիլի կտավը
КультураՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) վրձնին պատկանող կտավը չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի սակարկություններում մոտ $1,8 մլն-ով։ Այս մասին տեղեկացվում է Phillips աճուրդների տան կայքում։
Աճուրդների տան մասնագետների խոսքով՝ կտավը յուղաներկ է եւ նկարվել է 1921թ. ամռանը։ 76 x 63,3 սանտիմետրանոց պաստառին պատկերված են անտառ եւ ջրափոս անգլիական ոչ մեծ քաղաքի մոտ։
Լոտի գնահատման արժեքը $1,5 մլն-ից $2 մլն էր։ Կտավն ավելի վաղ կազմել է հույն գործարար Արիստոտել Օնասիսի (1906-1975) հավաքածուի մասը։
Մարտին Լոնդոնի սակարկություններում, որոնք կազմակերպել էր Christie's աճուրդների տունը, $11,6 մլն-ով վաճառվել էր Չերչիլի վրձնին պատկանող մեկ այլ կտավ։ Այն վաճառքի էր հանել ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին։
Չերչիլը գեղանկարչությամբ զբաղվել է 40 տարեկանից հետո եւ հասցրել է կյանքի ընթացքում ստեղծել մոտ 540 կտավ։ Դրանց մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում է նրա հետնորդներին։