Բռնաճնշումների խորքային ենթատեքստերը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Գրեթե բոլոր փորձագետներն արձանագրում են, որ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվեց։ Դեռ ավելին՝ իրական խոր ճգնաժամը դեռ առջևում է, քանի որ դրա համար պատճառ դարձած խնդիրները մնում են չլուծված։ Մյուս կողմից էլ՝ պետք չէ ընտրությունների արդյունքում գրանցված ձայների հարաբերակցությունը դիտարկել որպես քարացած երևույթ։ Եթե անգամ մի կողմ ենք դնում ընտրախախտումների և վարչական ռեսուրսների չարաշահման բազմահազար դեպքերը, ապա պարզ է դառնում, որ ընտրությունների նույնիսկ պաշտոնական արդյունքները արտացոլող հանրային վերաբերմունքը շատ արագ է փոխվում, ինչը հրաշալի գիտեն հենց այս իշխանությունները։
Թերևս նաև դրա պատճառով էլ սկսել են առատ պարգևավճարների ու այլ խոստումների միջոցով խրախուսել իրենց կողմնակիցներին, որպեսզի նրանք շարունակեն պաշտպանել իշխանության քաղաքական ուղեգիծը։ Բայց այս համատեքստում հատուկ աչքի է զարնում այն իրողությունը, որ ընտրություններից քիչ անց, երբ նոր խորհրդարանն ու կառավարությունը դեռևս չեն ձևավորվել, իշխանությունները նորից վերադարձել են իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների գործելակերպին՝ միջոցների ու մեթոդների առջև որևէ խտրականություն չդնելով։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական վենդետաների իրականացման նոր փուլի: Ու շատերի կարծիքով, սա միայն սկիզբն է, որովհետև Փաշինյանը փորձելու է սարքել բոլորի գլխին, որոնք իրենց չեն աջակցել ընտրություններում, առավել ևս նրանց, որոնք ընդդիմադիր գործիչ են, էլ առավել ևս՝ բոլոր նրանց, որոնք կարող են խանգարել իր ոչ հայանպաստ ծրագրերին։
Ու պատահական չէ, որ բռնաճնշումների թիրախում հայտնվել են առաջին հերթին Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարները։ Եթե նրանք իրոք չարաշահումներ էին թույլ տվել, ապա իշխանությունները կարող էին դրանց ուղղությամբ աշխատանքներ իրականացնել իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում։ Ուրեմն, ինչո՞ւ են հիմա հանկարծ հիշել այդ մասին։ Ամբողջ խնդիրն այն է, որ, շատ փորձագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն, նոր կառավարության ձևավորումից հետո իշխանությունները տրամադրված են կրկին զիջումների գնալ։ Եվ այդ զիջումները, օրինակ՝ կարող են լինել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի ժամանակ, որին կհետևի նաև Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնության ձեռք բերումը։ Մի՞թե պատահական է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար Երևանին ուղղված կոչերով է հանդես գալիս սահմանների ճշգրտման հարցի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Հարցն այն է, որ դրանով ադրբեջանական կողմը կարող է միջազգային հանրության առաջ լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իր նախաձեռնած ագրեսիան։ Բացառված չէ, որ իշխանությունները, տրվելով թուրք-ադրբեջանական ճնշումներին, կարող են զիջումների գնալ նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանն ու իր թիմակիցները կարող են քաղաքական առևտրի առարկա դարձնել նաև ՀՀ ինքնիշխանությունը և Արցախի սուբյեկտայնությունը։ Այս կոնտեքստում, ի դեպ, շատ ուշագրավ է Գրիգորի Խաչատուրովին բանակային 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու հանգամանքը, եթե հաշվի առնենք այն խոսակցությունները, որոնք կան Տավուշի մարզի անկլավների մասով:
Թերևս իշխանությունների կողմից նոր զիջումների գնալու ակնկալիքներ կան նաև արտաքին ուժերի կողմից, դրա համար էլ տարօրինակ կերպով արտաքին խաղացողները, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին օր առաջ շնորհավորել Փաշինյանին «վստահ» հաղթանակի համար։ Իսկ զանգվածային ընտրախախտումների ու վարչական ռեսուրսների կիրառման մասին որևէ խոսք չեղավ։ Մեծ հաշվով, իշխանությունների համար արդեն կարևոր էլ չէ, որ կապիտուլյացիայից հետո իրենք ամբողջ աշխարհի առաջ խայտառակվել են, ամենագլխավորը իրենց աթոռը պահելն է՝ թեկուզ և Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու հաշվին։ Հենց այդ նպատակից ելնելով է, որ նրանք այժմվանից արդեն փորձում են տեղորոշել ու ճնշել հնարավոր դիմադրության օջախները, որոնք շատ արագ կարող են մեծ թափ հավաքել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում