Սերժ Սարգսյանի ակտիվությունը մնացել է ապիկար իշխանության կոկորդին
АналитикаԿազանյան գագաթնաժողովի տասնամյակին նվիրված հոդվածը, որ հեղինակել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սառը ցնցուղ էր իշխանության համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակ կուսակցությունները, իշխանական քարոզչամեքենան, հիմնական բանուգործը թողած, իրենց պարտքն են համարում արձագանքել երրորդ նախագահին։ Սերժ Սարգսյանը, ով անձամբ չէր մասնակցում խորհրդարանական արտահերթ ընտրություններին, բայց ակտիվ քարոզարշավ էր անում հօգուտ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի, քարոզարշավի ընթացքում էլ արժանացել էր անձամբ Փաշինյանի սպառնալիքներին։
Արցախյան հարցում լուրջ գաղտնիքների բացահայտումից հետո իշխանական քարոզչամեքենան հրաշալի հասկանում է, թե ումից պետք է իրական վտանգ զգա, ով է իր գլխավոր մրցակիցը։ Այս առումով, Սերժ Սարգսյանի թիմը լուրջ մարտահրավերի առջև է կանգնած։ 107 հոգանոց խորհրդարանում ունենալով միայն 7 պատգամավոր, այդ խմբակցությունը պարտավոր է համախմբել բոլոր այն քաղաքական ուժերին, առողջ միավորներին, անհատներին, ովքեր իշխանական կերակրատաշտից չեն օգտվում, Հայաստանի ապագան էլ տեսնում են ոչ Փաշինյանի ապիկար թիմի հետ։ Գործող իշխանությունն ինքն էլ զգում է վտանգը, թե ով կարող է լուրջ համախմբող դեր խաղալ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանի պատերից դուրս։
Եթե նախկին երկու նախագահների հակավարկանիշը խանգարեց նրանց արտահերթ ընտրություններում հաղթելու համար, Սերժ Սարգսյանն ի սկզբանե անձամբ չմտավ պայքարի մեջ, որպեսզի վերջնարդյունքում շահեկան դիրքում հայտնվի։ Իսկ Փաշինյանի իշխանության համար բարդ է դիմագրավել այնպիսի լուրջ մրցակցի, ինչպիսին Սերժ Սարգսյանն է։ Արդյունքում, Սերժ Սարգսյանի գործն ավելի է բարդացել։ Սակայն տարիներով մշակված նրա կառավարչական հմտությունները, զսպվածությունը, լայն կապերը երկրում և երկրի սահմաններից դուրս, երրորդ նախագահը լիովին կարող է մտնել պայքարի մեջ, լուրջ հայտ ներկայացնել՝ ընդդիմադիր խոշոր բևեռ ձևավորելու հարցում։
Կարեն Առաքելյան