Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` մերձավորարևելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում և ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության զարգացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բայդենն աջակցություն է հայտնել Հորդանանի ղեկավարին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաև քննարկել են ռազմական համագործակցությունը և հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում` տնտեսության ոլորտում: