Հեղեղումից վնասը գերազանցում է 10 միլիարդ եվրոն
Международные новостиԲելգիայում հուլիսի 14-16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվրոն, վերջնական գումարը հայտարարված չէ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մանրամասնելով, որ հեղեղումն ամենածանրն էր վերջին 100 տարվա ընթացքում:
«Հեղեղումից նախնական վնասը գնահատվում է Վալոնիայի (Բելգիայի հարավային ֆրանսալեզու տարածաշրջան) կառավարության կողմից, այն արդեն գերազանցում է 10 միլիարդ եվրոն»,- նշել է RTL-TVI հեռուստաալիքը: Շաբաթվա սկզբին Վալոնիայի կառավարությունը հայտարարել է տարածաշրջանում վերականգնման օժանդակման անհետաձգելի ծրագրի ստեղծման մասին՝ 2 միլիարդ եվոյի ծավալով:
Տարածաշրջանի կառավարությունը նաև հայտարարել է, որ լրացուցիչ օգնություն ստանալու հույս ունի Եվրամիությունից: Բելգիայում տեղատարափ անձրևների հարուցած հեղեղման հետևանքով, հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, նրանք բոլորը ճանաչված են, և 18-ը տակավին համարվում է անհայտ կորած: Քանդվել և վնասվել է տասը հազարից ավելի տուն, մինչ այս պահը շուրջ 1,5 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման, 10,5 հազար տուն՝ առանց էլեկտրականության և 10 հազարը՝ առանց գազի: