Տոկիո-2020. Նժույգ թափերում Արթուր Դավթյանը չհաղթահարեց որակավորման փուլը
СпортԱրթուր Դավթյանը չկարողացավ հաղթահարել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը:
Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը վաստակեց 14.566 միավոր: Նա գրանցեց 9-րդ արդյունքը, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:
Նժույգ թափեր վարժությունում Դավթյանը գրանցեց կարիերայի ամենաբարձր արդյունքը՝ 14.566 միավոր:
Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը մասնակցել է նաև հենացատկի որակավորման փուլին, որտեղ 14.866 միավորով ընթացիկ առաջին տեղում է: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով հռչակվել էր չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Տոկիո-2020-ի սպորտային մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մրցումային օրվա ավարտին՝ երրորդ մրցահերթից հետո:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում: