«Իրենք իրենց հիմարության ձեռքը կրակն են ընկել, ողջ բնակչությանն էլ կրակն են գցել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն մի քանի ամիս է՝ մեր երկրում սկսվել են COVID-ի դեմ պատվաստումները, բայց պատվաստված քաղաքացիների թիվը բավականին ցածր է: Կորոնավիրուսով վարակվելու օրական մինչև 200, երբեմն անգամ ավելի դեպք է հաստատվում մեր երկրում: Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ մոտակա օրերի ընթացքում վարակակիրների աճի տենդենցը շարունակվելու է: Մինչ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անվճար պատվաստվել, իսկ պաշտոնյաները նշում են, որ հիվանդությանը դիմակայելու լավագույն տարբերակը պատվաստումն է, մարդիկ չեն շտապում պոլիկլինիկաներ կամ պատվաստման կենտրոններ, կամ էլ դա անում են այն դեպքում, երբ պետք է աշխատանքի կամ հանգստի նպատակով մեկնեն արտերկիր, և իրենց պատվաստման վերաբերյալ հավաստագիր է անհրաժեշտ:
Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշում է՝ սա հետևանք է նրա, որ տևական ժամանակ մեր երկրի ղեկավարությունը, մասնավորապես՝ առողջապահության նախարարությունը անլրջացրեցին ու պատվաստանյութերի թեման դարձրեցին դավադրությունների տեսություններ ստեղծելու հիմք, ինչն անթույլատրելի էր: «Տևական ժամանակ ասել ենք, որ նման բան չի կարելի անել, դա՝ դեռևս «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված, երբ անհիմն ու հակագիտական կերպով բարձրացնում էին տարիքային ցենզը: Դա՝ դեռևս այն ժամանակվանից, երբ պոլիոմիելիտի «միջանկյալ» պատվաստումներ էին անում, որոնք մարդկանց շրջանում առաջացնում էին անվստահություն: Ի՞նչ էինք ակնկալում, որ պատվաստանյութի նկատմամբ վստահությունը պահպանվելո՞ւ է նման գործելաոճի արդյունքում:Բնական է, որ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:
Նշում է՝ հիմա բոլորս քաղում ենք դրա պտուղները: «Սա, իհարկե, ճիշտ չէ: Մարդիկ պետք է վստահեն պատվաստանյութին: Պատվաստանյութերը տարիներ շարունակ փրկել են կյանքեր, պատվաստանյութի հարցը առողջապահության նախարարության հարցը չէ: Դա ազգային անվտանգության հարց է: Դա մեր երկրի կենսաբանական անվտանգության բաղկացուցիչ մասն է: Եվ երբ ասում էինք, որ ցուցումից դուրս մի կիրառեք պատվաստանյութ, առանց դրա էլ աշխարհում հակապատվաստումային արշավների միտում է նկատվում, նրանք որևէ կերպ չէին լսում, ականջ դնում, այլ շարունակում էին իրենց արատավոր և անգրագետ քաղաքականությունը, ինչի հետևանքով թեպետ այսօր կա երեք տեսակի պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-V», «AstraZeneca» և «Cinovak», բայց մարդիկ ուղղակի չեն ուզում պատվաստվել: Ինձ համար տարակուսելի է ևս մեկ հարց: Մարդիկ չեն գնում պատվաստվելու, որովհետև պետք է պահպանեն իրենց առողջությունը, բայց գնում են պատվաստվելու, որպեսզի մեկնեն երկրից: Դա ինչ չտեսություն է:
Եթե վստահում եք և գնում պատվաստման, դրանով ձեզ և ձեր շրջապատին պաշտպանում եք հիվանդությունից, որպեսզի չվարակեք նրանց, այլ ոչ նրա համար, որ ձեզ ինչ-որ սրճարան կամ ռեստորան թողնեն: Եթե չեք վստահում պատվաստանյութին, ապա, ի՞նչ է, այդքան կարևո՞ր է ստամոքսի աշխատանքը, կամ այդ ի՞նչ չտեսություն է, որ երկրից բացակայելու համար գնում են և ճարահատյալ պատվաստվում: Սա հիմարագույն մոտեցում է, սխալ մոտիվացիա: Ընդ որում, հիմա էլ նախարարության որոշ քարոզիչներ սկսել են հիմար թեզեր դնել շրջանառության մեջ, որ պատվաստանյութը օգնում է մեծացնել կրծքերը: Մի քանի տեղ հանդիպել են նման նյութի:
Ախր, կրծքերը մեծանում են էնդոկրին փոփոխությունների արդյունքում, լիմֆատիկ համակարգի փոփոխությունների արդյունքում: Մեր բնակչությունն առանց այն էլ վախեցած է պատվաստանյութերի կողմնակի որոշ ազդեցություններից, որոնք շատ քիչ դեպքերում են հանդիպում, մի հատ էլ դա եք տարածում, որ ի՞նչ անեք, որ ավելի վախենան, մտածեն, թե ներզատաբանական օրգանների վրա է ազդո՞ւմ: Իրենք իրենց հիմարության ձեռքը կրակն են ընկել, ողջ բնակչությանն էլ կրակն են գցել»,-նշում է մեր զրուցակիցը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է այս հակապատվաստումային գործընթացը կանգնեցնել, Գրիգորյանն ընդգծում է՝ տարիների աշխատանք է պետք, ցավոք, իրենք երկու տարում քանդեցին ամբողջը, ինչ ստեղծված էր:
«Հիմա այդ քանդածի վրա պետք է հինգ-յոթ տարվա աշխատանք կատարել մարդկանց վստահությունը վերականգնելու համար:Գուցե կիրառվի պարտադրման սկզբունք, դրա մասին խոսում են նախարարության քարոզիչները՝ շրջանառության մեջ դնելով Ռուսաստանին առնչվող հոդվածներ, որտեղ, օրինակ՝ չեն սպասարկում չպատվաստված անձանց և այլն: Բայց մեր Սահմանադրությունն ասում է, որ բուժական ցանկացած միջամտություն պետք է տեղի ունենա հիվանդի կամ հիվանդի օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, և բուժումը չի կարելի պարտադրել: Օրինակ՝ ինձ մոտ գա մի հիվանդ, և ես նրանց պարտադրեմ վիրահատություն կատարելը: Դա շատ սխալ և արատավոր պրակտիկա է, այն ավելի կխորացնի պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը: Կողմ չեմ դրան, ես կողմ եմ բնակչության հետ քաղաքակիրթ աշխատանքին»,-եզրափակում է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում