Վաղը պատերազմ էր. «88 կիլոմետրի» սինդրոմը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ՝ հանրությունն ակտիվորեն քննարկում էր նաև Շորժայի լողափերից մեկի գովազդը: Լողափն, ի դեպ, կապվում է «քայլող» պատգամավորներից մեկի անվան հետ, իսկ գովազդի իմաստը մոտավորապես այն էր, որ իրենց լողափը Վերին Շորժայից 88 կմ հեռու է, այսինքն՝ անվտանգ է, այնպես որ, «արխային» եկեք հանգստանալու: Իհարկե, կա կարծիք, որ նման անհեթեթությունը դիտավորյալ է հրապարակ նետվում՝ սահմանային վիճակի, նոր զոհերի, վիրավորների, զիջումների թեմայից որքան հնարավոր է հանրությանը շեղելու, քննարկումները այլ հուն տեղափոխելու համար: Հնարավոր է՝ մարդիկ իրոք այդպես են մտածում. հո մեր բիզնեսը չի տուժելու «ինչ-որ» սահմանային լարվածության պատճառով:
Սակայն, ինչ էլ լինի, այս գովազդը հրաշալի կերպով ի ցույց է դնում այն վիճակը, որում մեր հասարակության մի ստվար հատվածն է, և այն հոգեբանությունը, որի վրա խաղում է այս իշխանությունը, այն է՝ քանի դեռ կռիվը իմ տանից, հարաբերականորեն ասած, «88 կիլոմետր» հեռու է, ես մտածելու բան չունեմ, քանի դեռ զոհն իմ շրջապատից չէ, ես շատ խորությամբ ամեն ինչ հասկանալու կարիքը չունեմ... Ժամանակին դա Արցախի ու արցախցու մտածելիքն էր, հիմա՝ որևէ սահմանամերձ գյուղի ու նրա բնակիչների: Սրան գումարած՝ այդպես շատ հեշտ է մարդկանց համոզել, որ այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, հանուն նրա է, որ պատերազմ չլինի, որ պատերազմը չհաղթահարի այդ «88 կիլոմետրը»:
Այդպես մենք ընկալեցինք 30 հազար զինվորի կյանք փրկելու հեքիաթը, այդպես մենք նորից քվե տվեցինք պատերազմի ու խայտառակ պարտության պատճառ դարձած, ժամանակին պատերազմը չկանխած, Արցախի 75 տոկոսը կորցրած, 5000-ից ավելի զոհ տված, ադրբեջանցիների՝ ՀՀ սուվերեն տարածքում ներկայությունը հանդուրժող Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը: Այդպես մենք երևի արդարացնենք ցանկացած նոր զիջում՝ մտայնությամբ՝ միայն թե կրակոցները չանցնեն այդ «88 կիլոմետրը»: Իշխանությունները հենց սրա հույսն ունեն, ու նրանց բոլոր գործողությունները առավելապես միտված են դրան, համապատասխան սցենարային պլանով: Նրանք մեր հանրությանը բավականին լավ են ճանաչում, վկան՝ հունիսի 20-ի ընտրությունները: Մնում է մեր հասարակությունը վերջապես լավ ճանաչի նրանց...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում