Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին. լուսանկարներ
Спорт«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 5-ին երկրպագուները դիմավորեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից վերադարձած արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին և բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց հետ նաև Հայաստան են ժամանել ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:
«Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի իրոք հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց, իմ օրը չէր», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը Հայաստանում առկա պայմանների համատեքստում հաղթանակ է համարում: «Սա մենակ իմ հաղթանակը չէ, սա բոլորիս հաղթանակն է: Երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկե մեդալ եմ համարում: Գիտեք, թե ինչ վիճակում ենք: Սառույցը կոտրվեց և բոլորիս համար հասանելի դարձավ»,- ասաց Դավթյանը:
Օլիմպիական մեդալակիրներին դիմավորելու էին եկել նաև Սիմոն Մարտիրոսյանի և Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: