«Այս մարդիկ չգիտեն երկու պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս պետք է անել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Քանի դեռ մեր հասարակությունը հստակ որևէ չափանիշ չունի, թե իշխանությունն ինչպիսին պետք է լինի, ովքեր պետք է լինեն իշխանավորները, մենք մշտապես վիճահարույց իրավիճակներ կունենանք թե՛ քաղաքական դաշտում, թե՛ իշխանության հարցում, թե՛ երկրի կառավարման ու նաև արտաքին գործընկերներ գտնելու հարցում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը: Նրա խոսքով, նշվածը շատ խոր արմատներ ունի ու միայն խորհրդարանական պարզ ընտրության միջոցով չի կարգավորվի: Անդրադառնալով իշխանության ներկայիս քաղաքականությանը, ձևավորվող կառավարությանն ու կադրային քաղաքականությանը՝ նա նշեց, որ կառավարությունում շարունակում են հայտնվել մարդիկ, որոնք արժանավոր չեն:
«Վստահ եմ, որ իշխանությունը կշարունակի առաջնորդվել բարեկամ, խնամի ու միասին քայլած լինելու սկզբունքով: Նշանակումները կատարվում են մտերմության կամ ինչ-որ լոյալության չափանիշով: Ես հասկանում եմ, որ քաղաքական պաշտոններ են, բայց դրանք նախևառաջ կառավարչական պաշտոններ են, կառավարման հարց կա: Օրինակ՝ Գնել Սանոսյանը ո՞ր գիտելիքի, ո՞ր փորձի հիման վրա պետք է կարողանա արդյունավետ կառավարել ՏԿԵ նախարարությունը: Ընդհանուր առմամբ, նման իրավիճակ է նաև մյուս ոլորտներում, թեպետ որոշումները, մեծ հաշվով, մեկ մարդ է կայացնում: Ներկայացնում են, թե ժողովրդավարական, թիմային մեխանիզմներով են առաջնորդվում, բայց իրականում այդպես չէ: Ամեն ինչ նման է Կոմունիստական կուսակցության մոտեցումներին: Դրանից հեռու չեն գնալու և ունակ էլ չեն: Իրականում կառավարման տեսության առումով այս իրավիճակն անբացատրելի է: Խոսքը թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական հարցերին է վերաբերում: Այս մարդիկ չգիտեն երկու պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս պետք է անել»,-ասաց Բ. Մկրտչյանը:
Նրա խոսքով, իշխող թիմը չունի այն պոտենցիալը, որ կարողանա որդեգրել այնպիսի ռազմավարական շեշտադրումներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրին: «Իրենք երեք տարի է՝ սովորում են: Չեմ բացառում, որ հմտությունները կարող են նաև բարելավված լինել, բայց դա մեր հաշվին է տեղի ունենում, քանի որ վճարում ենք նրանց սովորելու համար, ինչը նորմալ չէ: Իսկ ավելի մեծ հաշվով, իրենց առաջ մի խնդիր է դրված. 2018 թ. «թավշյա հեղափոխության» առաքելությունը Հարավային Կովկասի անվտանգային համակարգը կոտրելն ու ջարդելն է, Հարավային Կովկասում նոր անվտանգային համակարգի մոդել ստեղծելն է: Ըստ իս, Հարավային Կովկասն առանց ՌԴ-ի մոդելի մասին է խոսքը, իրենց առաքելությունը սա է: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ կարճաժամկետ առումով դա իրենց կհաջողվի իրականացնել, երկարաժամկետ առումով նույնպես, որովհետև Ռուսաստանն այդքան էլ թույլ չէ, որ թողնի Հարավային Կովկասում իր հետ այդպես վարվեն: Ավելի գլոբալ խնդիր է այս ամենը, քան մենք տեսնում ու պատկերացնում ենք:
Այս առումով ևս կարծում եմ, որ նպատակային են թույլ կադրեր ընտրվում, որ այդ կադրերը կառավարելի լինեն իշխանության կամ նշված պրոյեկտի ղեկավարի կողմից: Խոսքն այն նախագծի մասին է, որը 2018-ին Հայաստանին իբրև թե ներքաղաքական ճգնաժամից ու տարիներ շարունակ տարբեր անարդարություններից դուրս բերելու միջոց է հրամցվել: Այդ հեղափոխություն կոչվածից երկուերեք ամիս անց պատկերն ավելի պարզ էր: Ընդհանուր առմամբ, մենք տարածաշրջանային առումով բավականին լուրջ ու վտանգավոր ճգնաժամի մեջ ենք: Նկատելի է, որ տարածաշրջանում տարբեր շահեր են բախվում, և մենք փորձում ենք իբրև թե այդ բախման արդյունքում գտնել մեր տեղը, ստանալ մեր օգուտները»,-ասաց նա՝ շեշտելով, որ դա մեզ չի հաջողվի:
«Հարավային Կովկասի անվտանգային համակարգի խախտման փորձերն արդեն իսկ լուրջ ռիսկեր կպարունակեն մեզ համար: Եթե մենք չգիտակցելով շարունակենք մասնակցել Հարավային Կովկասի անվտանգային համակարգի հավասարակշռության խախտման նախագծին, ողբերգական վիճակում կհայտնվենք: Հայաստանում 2018ից սկսված նախագիծը բնավ ներքաղաքական խնդիրների համար չէր: Հիմքում արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, Հարավային Կովկասում անվտանգային համակարգը կոտրելու, խախտելու հարցերն են: Ես չեմ կարծում, որ արևմտյան անվտանգային համակարգի առկայությունը Հարավային Կովկասում մեզ համար ավելի բարենպաստ կլինի, քան այն, ինչ հիմա կա: Եթե Հարավային Կովկասում անվտանգային համակարգի խախտման լուրջ գործընթացներ թույլ տանք, նորանոր թշնամիներ ու ոչ նոր բարեկամներ ձեռք կբերենք: ՀՀ-ն իր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ պետք է կայուն ու կառուցողական լինի և ոչ թե անընդհատ ռիսկեր առաջացնի իր դաշնակցի համար, որն էլ, այո, ստիպված կլինի դիմել նաև շատ կտրուկ քայլերի: Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել սեփական շահերն ու նաև դիմացինի շահերը հաշվի առնելով»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում