Վստահությունը ամենակարևոր կապիտալն է. Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը
АналитикаՀայաստանը շուտով կունենա նորաձևության համաշխարհային մի քանի բրենդների պաշտոնական հասցե․ հայտնի ապրանքանիշերը Հայաստանում ներկայացվելու են Աութլեթ մոլում, որի կառուցման աշխատանքները շուտով ավարտին են մոտենալու:
Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում նորաձևության և հյուրանոցային ոլորտը ներկայացնող «Փարիզ գրուպ»-ը որպես հայաստանյան գործընկեր նախապատվությունը տվել է «Մուլտի գրուպ»-ին, օրերս գործակցության հուշագիր է ստորագրվել երկու ընկերությունների միջև: Երկու ընկերությունների համագործակցության շնորհիվ համաշխարհային նորաձևության տները ներկայացված կլինեն Հայաստանում:
«Փարիզ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Այա Մբաֆենան ասում է, թե իրենց ընտրությունը կանգ է առել «Մուլտի գրուպ»-ի վրա, քանի որ այն հաջողված ընտանեկան բիզնես է, ունի նույնպիսի սկզբունքներ, ինչպես և իրենց ընկերությունը։
Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնության շնորհիվ Հայաստանը ոչ միայն նոր ու շքեղ առևտրի կենտրոն կունենա, որտեղ համաշխարհային հռչակ վայելող ապրանքանիշներ կլինեն, այլև առաջատար հարկատու ընկերությունը ավելի շատ հարկեր կվճարի պետական բյուջե։
Հայաստանի տնտեսության համար ծանրագույն այս փուլում նման նախաձեռնություններն իսկապես կարևոր են։ Պետությունն ինքը պետք է շահագրգիռ լինի աջակցելու նման ընկերություններին, որոնք կարողանում են արտերկրից ներդրումներ բերել, նոր գործընկերներ ներգրավել։ Այդպիսի քայլերը դրսում էլ բարձրացնում են երկրի տնտեսական գրավչությունը։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո շատերին թվում էր, թե «Բարգավաճ Հայաստանի» նախագահը կնեղանա իր ընտրողներից, նույնիսկ որոշները լուրեր էին շրջանառում, թե Գագիկ Ծառուկյանը մտադիր է իր բիզնեսը հանել երկրից, մինչդեռ իրականում հակառակն է լինում։ Ծառուկյանը նոր թափով ու տրամադրվածությամբ է վարում իր բիզնեսը՝ գիտակցելով, որ միայն այդկերպ կարող են ապահովել երկրի տնտեսության վերականգնումը։
Գնահատել և ողջունել է պետք այսպիսի յուրաքանչյուր գաղափար ու քայլ։
Նարեկ Սիմոնյան